Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երազիկ Գրիգորյանը փոքրիկ ընթերցողներին ներկայացրեց «Կախարդին գումարած ագռավ» գիրքը

Երազիկ Գրիգորյանը փոքրիկ ընթերցողներին ներկայացրեց «Կախարդին գումարած 
ագռավ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երազիկ Գրիգորյանը, որին ընթերցողների լայն շրջանակը սկսեց ճանաչել «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուով, լույս է ընծայել «Կախարդին գումարած ագռավ» նոր գիրքը: Գիրքը, որը հրատարակել է «Զանգակ»-ը, կախարդի ու նրա ագռավի մասին պատմող հինգ անկրկնելի հեքիաթների և գեղեցիկ նկարազարդումների միաձուլում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունվարի 25-ին «Զանգակ» գրատանը, Գրիգորյանն ասաց, որ կախարդն ու ագռավը հայտնի հերոսներ են, բազմաթիվ հեքիաթներում ենք հանդիպել նրանց, աշխարհում թափառող սյուժեների մի կարևոր մաս են, սակայն ինքն ընտրել է հենց այդ հերոսներին, որովհետև նրանք կարող են բացասական կողմերով ներկայանալ, այնինչ իր գրքում այդպես չեն անում:

«Կախարդն ու ագռավը ճանապարհի կեսին կանգ են առնում, ինչ-որ բան նրանց հետ է պահում: Այդպես ցանկացել եմ ասել, որ չարությունը վատ է, պետք է կանգ առնել: Իմ հերոսները ավելի շատ չարաճճի են, քան չար: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց նրանց բոլորը սիրում են»,-նշեց Գրիգորյանը:

Հեղինակը խոստովանեց՝ եթե իր ստեղծագործություններին նայում է ընթերցողի աչքով, դրանցում տեսնում է ընկերասիրություն, հարգանք միմյանց նկատմամբ, հանդուրժողականություն, հավատարմություն, սակայն գրելիս ոչ մի վայրկյան չի մտածում հատուկ ինչ-որ բան սովորեցնելու մասին. հեքիաթներով խոսում է երեխաների հետ, իր մտքում խաղում նրանց հետ, մտնում փոքրիկների աշխարհ ու զբաղեցնում նրանց՝ պատմելով մի բան, որը կարծես թե գիտի, բայց նաև հորինում է:

Ըստ Երազիկ Գրիգորյանի՝ երեխաների համար գրելն իսկապես դժվար է, քանի որ երբեք չես կարող նրանց կեղծ մի բանով հետաքրքրել, ուշադրությունը գրավել, անպայման կվրիպես նման դեպքում ու մի բան կխաթարվի: «Մանուկների աշխարհում երբեք չի լինում կեղծ կեցվածք ընդունել: Երբ մանկական գրականություն ես կարդում, այն քեզ հեշտ է տրվում և թվում է, թե գրելը ևս դյուրին է, բայց իրականում այդպես չէ»,-շեշտեց Գրիգորյանը:

Հեղինակի հավաստիացմամբ՝ «Կախարդին գումարած ագռավ» ժողովածուն սիրով կարող են կարդալ և՛ երեխաները, և՛ մեծահասակները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]