Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդումները, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, համարում է անհիմն, մերկապարանոց հայտարարություններ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վստահեցրին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող տեսակետներին, որ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես քաղբանտարկյալ է Առուշ Առուշանյանը:

«Քաղբանտարկյալ եզրույթն արդեն ամփոփում է խնդրի էությունը: ԵԽԽՎ բանաձևերով էլ դա ամրագրված է: Նրա փաստաբանն ասում է, որ խափանման միջոցը փոխեն, չի ասում, որ մարդը անմեղ է, որևէ բան չի արել, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման հարցն է առաջ քաշում: Ոչ թե քաղբանտարկյալի, այլ դատական, իրավական վեճի մասին է հարցը: Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ ընդդիմության մեկնաբանությունները միշտ նույնական են: «Կամ դրանք որակվում են որպես քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածը ինչ-որ առողջական խնդիրներ ունի, և այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում, փորձում խափանման միջոցները փոխել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ երբ ներկայիս ընդդիմությունը ՀՀ-ում իշխանության է եղել, այդ ժամանակ են Հայաստանում եղել քաղբանտարկյալներ:

«Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավորը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]