Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Լորիս Ճգնավորյանը 2 ստեղծագործություն է նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Լորիս Ճգնավորյանը 2 ստեղծագործություն է նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմի 
զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:

«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն: Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]