Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

«Նոր գիրք»-45/21.  Սեմիրջյան, Ռեմարկ, Շարմա  

«Նոր գիրք»-45/21.  Սեմիրջյան, Ռեմարկ, Շարմա

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ  

Առաքել Սեմիրջյան, «Կապտահեր Կյորես. Ո՞ւր»

Այս գիրքը Հայաստանի պատմության վերջին 30 տարին է խորհրդային վերջին ու անկախության առաջին տարիների միջով։ Այդ իմաստով այն մարգարեական ցինիզմով գրված գիրք է, որի հերոսը էպոխաների ճամփաբաժնին կանգնած՝ արձանագրում է կործանման երկու դեմքերը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 Թարգմանական գրականություն
Էրիխ Մարիա Ռեմարկ, «Վերադարձ»

«Վերադարձը» Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։

Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատության տեղիք է տալիս, իսկ 1933թ. նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ։

Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումներն ու կարոտները հանդիպում են հայրենիքի անլույս, անջերմ իրականությանը, նրանք չեն վերագտնում այն խանդավառությունը, որով տարիներ առաջ իրենց ռազմաճակատ էին ճանապարհում։ Հասարակությունը, այդ թվում՝ զինվորների ծնողները, չեն հաշտվում այն հանգամանքի հետ, որ պատերազմը լիովին փոխել ու տրավմայի է ենթարկել տղաների հոգիները։ Երբեմնի զինվորները շարունակում են հասարակությունից մեկուսացած և չկողմնորոշված զգալ իրենց։ Վեպն ավարտվում է, սակայն, լավատեսությամբ՝ վերակառուցման և բարին վերագտնելու հաստատուն կամքով։

Թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն
 Ռոբին Շարմա, «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»⠀⠀

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]