1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են. փորձագետները վերլուծում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են. փորձագետները վերլուծում են 
Լավրով-Բլինքեն բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինքեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս:

«Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են», - ասել է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ դատելով Լավրովի և Բլինքենի հետագա մեկնաբանություններից՝ Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը տարաձայնություններից բացի՝ կարողացել են նաև փոխգործակցության թեմաներ են գտնել: Օրինակ՝ նրանք քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Վիենայում ընթացող բանակցությունները, որտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները համընկնում են:

Տեխասի A&M համալսարանի Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի փորձագետ Յուվալ Վեբերը ավելի հոռետես է տվյալ հարցի կապակցությամբ:

«Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում նա հիշեցրել է Մոսկվայի՝ հանդիպման նախօրերին բարձրացրած պահանջը Բուլղարիայից և Ռումինիայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի անլուծելի պահանջների առաջադրումը ցույց է տալիս, որ Կրեմլում արդեն սկզբունքային որոշում են ընդունել Ուկրաինայի վրա հարձակվելու մասին, և ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերը ոչինչ չեն փոխի:

«Կարևոր չէ՝ Էնթոնի Բլինքենը լավ պետքարտուղար է, թե վատ: Եթե մյուս կողմը կապիտուլյացիա կամ կոնֆլիկտ է պահանջում՝ Բլինքենը շատ քիչ բան կարող է անել: Անկախ նրանից՝ նա աշխարհի լավագույն դիվանագետն է, թե վատագույնը՝ բանակցությունների միջոցով կարգավորման հնարավորությունները քիչ են», - ասել է Վեբերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ժնևում և տևել է մոտ 1,5 ժամ:

Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հավանականությունն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

2021 թ. դեկտեմբերի 17-ին Ռուսատանի Դաշնության արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել Դաշինքի «բաց դռների» քաղաքականությունից: Այս դիրքորոշումը Ժնևի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում վերահաստատել է պետքարտուղար Բլինքենը:

Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր հերթին լրագրողներին ասել է, թե ինքը բանակցությունների ընթացքում հստակ հասկացրել է ամերիկյան կողմին, որ «Ռուսաստանի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու»: Լավրովը հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների մտավախություններին՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ անվտանգության ոլորտում երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Հարցին՝ Վաշինգտոնի պատասխանը հրապարակվելու է, թե ոչ, Լավրովը պատասխանել է, որ ինքն անձամբ կողմ է փաստաթղթի հրապարակմանը, բայց դա հնարավոր կլինի անել միայն ամերիկյան կողմի համաձայնության դեպքում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]