Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Դատարանը Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 24-ին

Դատարանը Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը 
կհրապարակի հունվարի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:  Որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Դատարանը՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը  և Վիլեն Գաբրիելյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ  Արամ Զավենի Սարգսյանը։  Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]