Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը 2022-ը կնվիրի ռուս դասականների ստեղծագործությունների բեմադրմանը  

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը 2022-ը կնվիրի ռուս դասականների 
ստեղծագործությունների բեմադրմանը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում 2022-ին բեմադրվելու են Անտոն Չեխովի «Բալենու այգին», Ալեքսանդր Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» և այլ ներկայացումներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը: 

«Ռուսական դրամատուրգիան շատ հզոր ու բարդ է: Բեմադրելով Շեքսպիրի, Մոլիերի և այլոց գործերը՝ որոշեցինք 2022-ը հայտարարել ռուս դասականների տարի: Մենք արդեն սկսել ենք Չեխովի «Բալենու այգին» պիեսի բեմադրական փորձերը, հետո անցնելու ենք Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսին, իսկ այնուհետև կբեմադրենք ռուսական ժողովրդական «Արքայադուստր գորտը» հեքիաթը,-ասաց Ներսիսյանը: 

Ըստ նրա՝ շատ կարևոր է Չեխովի պիեսը այսօրվան համահունչ՝ թեթև, խաղարկային մատուցելը: Ներսիսյանը հիշեցրեց, որ Չեխովը «Բալենու այգին»  կատակերգություն է անվանել, սակայն այն ունի ողբերգական ավարտ: «Չեխովն ասում է՝ որոշել էր կատակերգություն գրել, բայց ոդևիլ է գրել: Կարծում եմ՝ նա կյանքի հանդեպ հեգնական վերաբերմունք ուներ և մեծ սեր էր տածում իր բոլոր հերոսների նկատմամբ: Միայն հումորի, հեգնանքի, ողբերգության ու ֆարսի սահմանին էր հնարավոր բեմում ներկայացնել մարդկային զգացմունքներն ու հույզերը»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 

Խոսելով Օստրովսկու գործի մասին՝ Ներսիսյանը նշեց, որ 2023-ին հեղինակի 200-ամյա հոբելյանն է: Ըստ Ներսիսյանի՝ նա մեծանուն, բարդագույն, երբեմն չբացահայտված դրամատուրգ է: «Նա մեր մասին այնքան շատ բան գիտի. կարդում ու զարմանում ես, թե ինչպես է իմացել իմ մասին այսքան բան,  կարդում ես ու մտածում, որ սա իմ մասին է, իմ մոր, իմ ընկերների ու ծանոթների մասին է»,- ասաց ռեժիսորը: 

Նրա հավաստիացմամբ՝ թատրոնը բաց կլինի նաև փորձարարությունների համար, քանի որ այն պետք է զարմացնի, լինի անկանխատեսելի, բազմազան:

«Փոքր բեմում ևս առաջնախաղեր կլինեն: Թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը ցանկանում է բեմադրել ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի մոտիվներով «Խաղ» ներկայացումը: Ռոբերտ Հակոբյանը կանդրադառնա ֆրանսիացի ժամանակակից հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» պիեսին, որն ունի երկու գործող անձ: Նրանցից մեկը գերմանացի է, մյուսը հրեա: Չեմ ցանկանում ամեն բան բացահայտել, բայց հետաքրքիր գործ կլինի: Համագործակցելով Մոսկվայի հունական մշակութային կենտրոնի հետ՝  նախատեսում ենք բեմադրել «Էդիպ արքա» համաշխարհային գործը, որում կխաղան և՛ հայ, և՛ հույն դերասաններ»,- տեղեկացրեց Ներսիսյանն ու հավելեց՝ հույս ունեն, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի, քանի որ բանակցությունները վաղուց են ընթանում: 

Կարեն Ներսիսյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները կատարում է շուրջ երեք տարի, հայտնում է, որ այդ ընթացքում իրենց թատրոնում բեմադրվել է 16 նոր ներկայացում, որոնցից հինգի հեղինակն ինքն է: Նա նշում է, որ դա լավ ցուցանիշ է, սակայն աշխատելիս երբեք չեն մտածել քանակի մասին: Անդրադարձել են և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակների՝ բեմադրելով Թումանյանի, Շեքսպիրի, Պուշկինի, Մոլիերի գործերը, իսկ ժամանակակիցներից անդրադարձել են Էլջիբեթա Հովանեցին, Դոն Նիգրոյին և այլոց:

Ներկայացումներ են խաղացել ինչպես մեծ բեմում, այնպես էլ՝ փոքր: Համավարակով պայմանավորված՝ «Գարդենիա» ներկայացումը հանդիսատեսին են ներկայացրել նաև բաց հարթակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]