Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պիես, որն ասես երեկ է գրվել. Պատանի հանդիսատեսի թատրոնում կբեմադրվի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործությունը

Պիես, որն ասես երեկ է գրվել. Պատանի հանդիսատեսի թատրոնում կբեմադրվի 
«Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ է բարձրանալու ամերիկացի հանրահայտ դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործության համանուն  ներկայացումը, որի ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան մայիսին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը հիշեցնում է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը մանկական թատրոն չէ, այլ թատրոն է պատանիների համար, վայր, որտեղ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ոչ միայն ցերեկային ներկայացումներ, այլև՝ երեկոյան: Հենց երեկոյան ներկայացումների շարքին է պատկանում «Կատուն շիկացած տանիքին» բեմադրությունը, որը, ըստ Հարությունյանի, մինչ օրս արդիական խնդիրներ է արծարծում:

Նա ընդգծում է, որ Ուիլյամսը, որը հսկայական գրական ժառանգություն է թողել աշխարհին, պիեսներ, բացառիկ բանաստեղծություններ, «Կատուն շիկացած կտուրին» գործի համար մի շարք մրցանակների է արժանացել:

«Այս ստեղծագործությունը գրվել է 1950-ական թվականներին: Այսօր ապրում ենք խառը, իրարամերժ ժամանակներում. երբեմն անհույս ենք, կոտրված, երբեմն վայրենի ու անմարդկային, իսկ հեղինակն այդ ամենը ներկայացնում է մի ընտանիքի պատմությամբ: Խոսվում է նյութականի, սիրո, ծնողների և զավակների հարաբերությունների, ընկերության և այլ հարցերի մասին: Բազմաշերտ գործ է, և դերասանները բավականին լուրջ հոգեբանական բեռ են կրում, ես՝ ևս»,-նշում է ռեժիսորը:

Հարությունյանը բավականին երկար ժամանակ է փնտրտուքի մեջ եղել. դիտարկել է հայ, ռուս հեղինակների գործեր, սակայն կանգ է առել Թենեսի Ուիլյամսի պիեսի վրա, քանի որ ընթերցելիս տպավորություն է ստացել, թե հեղինակն այն երեկ է գրել: Հարությունյանի խոսքով՝ Ուիլյամսը երկխոսությունների հրաշալի վարպետ է, և «Կատուն շիկացած տանիքին» պիեսում փայլուն երկխոսություններ է ներկայացրել, հետաքրքիր տեսարաններ,  հուզական մեծ դաշտ:

Թենեսի Ուիլյամսին անվանում են ամերիկյան Չեխով: Դավիթ Հարությունյանի կարծիքով Ուիլյամսը մի քանի անգամ ավելի իմպուլսիվ հեղինակ է, նյարդով ու ազնիվ: «Մենք շատ հաճախ հայտնվում ենք կատվի կարգավիճակում, որը կանգնած է  շիկացած տանիքի վրա. կա՛մ նա կթռչի այդտեղից և կկանգնի իր թաթերի վրա, կա՛մ կվնասվի: Մենք ևս հաճախ ենք կանգնում նման ընտրության առաջ: Այստեղ նուրբ հոգեբանական շերտեր կան: Չափազանց իրատեսական գործ է: Կերպարները շատ հետաքրքիր են: Այս պիեսի հիման վրա նկարահանվել է երեք ֆիլմ, բեմադրվել են բազում ներկայացումներ. և՛ ֆիլմերում, և՛ ներկայացումներում խաղացել են հայտնի, համաշխարհային դերասաններ»,-շեշտում է ռեժիսորը:

Ներկայացման մեջ զբաղված են բացառապես Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները: Դերակատարներն են Սիրանուշ Լազյանը, Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, դերասաններ Սամվել Դանիելյանը, Շուշան Ղազարյանը, Սամվել Օհանյանը: Բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների դիզայնը՝ Լիլիթ Մելիքյանի:

Դավիթ Հարությունյանը երկար է մտածել դերասանական կազմն ընտրելիս: Գլխավոր դերակատարներից մեկին՝ Բրիկին մարմնավորելու է Անդրանիկ Հակոբյանը: Ռեժիսորը փաստում է, որ վերջինս մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին: «Վստահ եմ՝ Հակոբյանը հաջողելու է: Այս պիեսի գլխավոր հերոսին, հերոսուհուն մարմնավորելը շատ կարևոր է. դրանք դերասանի համար կյանքի դերեր են: Եթե ես թատրոնի դերասան լինեի, մեծ սիրով կկերտեի Բրիկի կերպարը, իսկ աղջիկները շատ են հավանում Մարգրեթի դերը»,-նշում է ռեժիսորն ու հավելում, որ թե՛ դերասանները, թե՛ ռեժիսորները զարգանում, աճում, ամրանում են լավ դրամատուրգիայի, լավ հեղինակների շնորհիվ:

Հարությունյանին և ստեղծագործական թիմին «Կատուն շիկացած տանիքին» պիեսն առաջին հերթին հուզել է  ասելիքով, հարցադրումներով, թե ինչու մարդիկ չեն կարողանում խոսել իրար հետ, ինչու են ընտանիքներում բաժանություններ լինում, ինչու է հասարակությունը ճյուղավորվում, ինչու  են մարդիկ դաժան դառնում, ինչու է սպառողական հասարակության հոգեբանությունն ամեն ինչ քանդում, բերում անտարբերության, սառնության, հեգնանքի, արհամարհանքի: Ռեժիսորի հավաստիացմամբ՝ ներկայացման մեջ հանդիսատեսը կգտնի այդ հարցերի պատասխանները:

«Չեմ հասկանում, թե աշխարհն ուր է գնում, ուր է գլորվում: Թող ոչ ոք չասի, որ միշտ է այդպես եղել: Միշտ չի եղել. այս համընդհանուր արագության, գաջեթների աշխարհում ամեն ինչ ասես մոնտաժված երազ լինի: Վաղը սառնարանից մարդկանց կհանեն ու կկենդանացնեն, ինչ ասես կլինի, իսկ սեր ասվածը կորում է: Չեմ ուզում այն հերքել, որովհետև աստվածատուր զգացմունք է, բայց այն կարող է անիվների տակ կոտրվել: Սերը պետք է խնամել, գրքեր գրել սիրո մասին, որովհետև սերն այսօր դառնում է անհաս: Դու ցատկում ես ու չես կարողանում այն բռնել: Սերը պարտվում է մեծ ու վախենալու մի մեքենայի, իսկ մենք թատրոնի միջոցով ցանկանում ենք մարդկանց հուշել, հուզելով կարևոր ուղերձներ փոխանցել: Թատրոն պետք է գալ, ներկայացում դիտել, հասկանալ, հետո տպավորությունների տակ երկար մտածել»,-նշում է Դավիթ Հարությունյանն ու ընդգծում՝արվեստը հույզ է, և, եթե հույզերի միջոցով կարողանում ես ազդել մարդու վրա, նա միանգամից ցնցվում է, մաքրագործվում: «Կատուն շիկացած տանիքին»  պիեսը հենց այդ մասին է:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]