1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եղբայրական Հայաստանը և Հունաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Եղբայրական Հայաստանը և Հունաստանը նշում են դիվանագիտական 
հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հունաստանի հանրապետությունները այսօր՝ հունվարի 20-ին, նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր Թվիթերի պաշտոնական էջում անդրադարձել է այս կարևոր իրադարձությանը՝ շնորհավորելով երկու բարեկամ ժողովուրդներին նշանավոր տարեդարձի կապակցությամբ:

«Երեք տասնամյակի ընթացքում երկու եղբայրական ազգերի՝ դարավոր պատմություն ունեցող և ավանդաբար բարեկամական հարաբերությունները ընդլայնվել և վերաճել են սերտ համագործակցության՝ հանուն մեր երկրների», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայերն ու հույներն իսկապես երկկողմ փոխհարաբերությունների և շփումների բազմադարյա պատմություն ունեն: Այդ պատմությունն իր արմատներով հասնում է մինչև մ.թ.ա 1-ին հազարամյակ՝ Հին Հունաստանի լուսավորյալ ժամանակաշրջանը, այնուհետև՝ մ.թ.ա 3-4 դդ., երբ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում տարածվեց Հելլենիստական՝ հունական մշակույթը: Պատմությունից յուրաքանչյուր դպրոցականին հայտնի այս տերմինը՝ «Հելլենիզմը», գալիս է հույների ինքնանվանումից. հույներն իրենց կոչում են «Հելլեն» (Έλληνες), իսկ իրենց երկիրը՝ «Հելլադա» (Ελλάδα): Ի դեպ, Հունաստանի պետությունն էլ այսօր պաշտոնապես կոչվում է «Հելլենական Հանրապետություն» (անգլ.՝ Hellenic Republic, հուն.՝ Ελληνική Δημοκρατία):

Հայ և հույն ազգերը բավական նույնանման պատմություն ունեն առաջին հերթին այն պատճառով, որ երկուսն էլ աշխարհի հնագույն ազգերից են և հնագույն քաղաքակրթություններից:

Միջնադարում Հայաստանը եղել է հունական կայսրության՝ Բյուզանդիայի կազմում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 4-րդ դարի վերջում, երբ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Արևելահռոմեական կայսրության միջև: Հայաստանը բյուզանդական տիրապետության տակ է անցել նաև Բագրատունյաց թագավորության անկումից հետո՝ 1045 թվականին: Սակայն դա տևել է ընդամենը մի քանի տասնամյակ՝ մինչև սելջուկ-թուրքերի արշավանքը:

Նորագույն շրջանում Հայաստանը, ինչպես և տասնյակ այլ պետությունների պարագայում, միջպետական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ իր անկախության վերանվաճումից հետո՝ 1991 թվականին:  1992 թ. հունվարի 20-ին Հայաստանը և Հունաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, որից հետո հայկական և հունական դեսպանություններ են բացվել համապատասխանաբար Երևանում և Աթենքում:

Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հունաստանում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է 30 տարի առաջ այս օրը Հայաստանի և Հունաստանի այն ժամանակվա արտգործնախարարների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անտոնիոս Սամարասի կողմից ստորագրված, դիվանագիտական հարաբերությունները հաստատող արձանագրության բնօրինակի լուսանկարը:

Հիշարժան տարեդարձի առթիվ երկու կողմերից բազմաթիվ հայտարարություններ և շնորհավորանքներ են հրապարակվել: Հունահայկական բարեկամության ընկերակցությունը իր հայտարարության մեջ նշել է, որ եթե պատմությունն այլ հունով գնար՝ այսօր կլրանար հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների ոչ թե 30-րդ, այլ 102-րդ տարեդարձը, քանի որ Աթենքի ու Երևանի միջև առաջին դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1920 թ. օգոստոսին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք:

Այն ժամանակ Հայաստանում Հունաստանի դեսպան էր նշանակվել Իոաննիս Պապպասը, որը նույնիսկ չի հասցրել գալ Հայաստան՝ հայկական անկախ պետականության անկման պատճառով: Իսկ Հայաստանը Հունաստան էր ուղարկել իր պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Չայանին, որն, ի դեպ, այնտեղ է մնացել մինչև 1925 թվականը:

Տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել նաև Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսը՝ երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրելով գերազանց և եղբայրական: Մարկոպուլոսը շեշտել է, որ հույն ժողովուրդը կանգնած է եղել և միշտ կանգնած է լինելու փորձությունների ենթարկվող Հայաստանի կողքին:

Հայ-հունական միջպետական բարեկամական հարաբերությունները խարսխված են իրավապայմանագրային շատ լայն դաշտի վրա: 30 տարվա ընթացքում Հայաստանը և Հունաստանը կնքել են շուրջ 50 համաձայնագրեր, հուշագրեր, արձանագրություններ և այլ բնույթի փաստաթղթեր տարբեր ոլորտներում փոխգործակցության հաստատման և զարգացման մասին:

Երկու երկրների միջև գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, ինչպես նաև՝ Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խումբը: Բացի այդ, Հայաստանը և Հունաստանը փորձում են բազմակողմ համագործակցություն զարգացնել հունական մյուս պետության՝ Կիպրոսի հետ: 2019 թ. հունիսի 4-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարները ընդունել են համատեղ հայտարարություն եռակողմ գործընկերություն հաստատելու մասին:

Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1996 թ.՝ ընդունելով ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: 2014 թ. ընդունված օրենքով՝ ցեղասպանության ժխտումը Հունաստանում պատժվում է 3 տարի ազատազրկմամբ կամ մինչև 30 000 եվրո տուգանքով:

Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը 2019 թ. դեկտեմբերից Էվանգելոս Տուրնակիսն է:

2022 թ. հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը:

 

 

Արամ Սարգսյան

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]