Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության հունվարի 20-ի նիստում վարչապետը նշեց, որ ծառայությունը ձևավորվեց դժվարություններով ու ծանր ժամանակահատվածում, սակայն գործեց, և 7 ամիս անց արդյունքները դրական են: 

«2018 թվականին Հայաստանում ժողովրդական հեղափոխությունից հետո սկզբունքային հարց է եղել ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Այդ ճանապարհին կարևոր բարեփոխումներից մեկը եղել է Պարեկային ծառայության հիմնումը: Արձանագրեմ, որ այդ պրոցեսը բավական դժվար ընթացավ: Վրա հասան համավարակը, պատերազմը, ներքաղաքական ճգնաժամը, և մենք բարդ պայմաններում 2021 թվականի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը: Արդեն վեց ամիս և ավելի Հայաստանում գործում է Պարեկային ոստիկանությունը: Բացի այն, որ Պարեկային ոստիկանության շուրջ դրական մթնոլորտ է ստեղծվել, ասեմ նաև այն, որ ՀՀ ոստիկանության պետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք արդյունքները: Կարծում եմ, դրանք արժանի են հրապարակման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներկայացրեց Պարեկային ծառայության Երևանում 2021 թվականի հուլիսից մինչև ընթացիկ տարվա հունվար ընկած ժամանակահատվածում գրանցած արդյունքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի Ճանապարհային ոստիկանության արձանագրած արդյունքների հետ:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ.  Ճանապարհային ոստիկանությունը  կազմել է 565 արձանագրություն, Պարեկային ծառայությունը՝ 1917, աճը՝ 239 տոկոսով:

Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություն. նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 953 արձանագրություն, Պարեկային ծառայության կողմից՝  3435, աճը՝ 260 տոկոսով :

Գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություն.  նախկինում կազմվել է 2 արձանագրություն, Պարեկային ծառայության կողմից 15, աճը՝ 650 տոկոս:

Առանց վարորդական վկայականի համար կազմված արձանագրություն. նախկինում ճանապարհային ոստիկանության կողմից գրանցվել է 924, Պարեկային ծառայության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 405 տոկոս:

Երկրորդ շարքում կանգնած արձանագրություններ. նախկինում կազմվել է 1983 արձանագրված դեպք, Պարեկային ծառայության կողմից՝ 8716, աճը՝ 370 տոկոս:

Մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար կազմված արձանագրություն. Ճանապարհային ոստիկանության կողմից նախկինում 60 դեպք է արձանագրվել, Պարեկային ծառայության կողմից՝ 571 աճը՝ 851 տոկոս:

Պարտադիր ապահովագրական պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություն. նախկինում այդպիսի 614 դեպք է արձանագրվել, Պարեկային ծառայության կողմից՝ 5476, աճը՝  791 տոկոս:

Թաղանթապատված ապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ.  նախկինում 627 նման արձանագրություն է եղել, ներկայում՝ 3085, աճը՝ 392 տոկոս:

«Ներկայացնեմ այս տարվա հունվարի 19 օրվա տվյալները՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Առանց ամրագոտի երթևեկելու համար նախորդ տարի կազմվել է 504, այս տարի Պարեկային ծառայության կողմից կազմվել է 854 արձանագրություն, աճը եղել է 69 տոկոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ թե´ Պարեկային ոստիկանությանը, թե´ Ճանապարհային ոստիկանությանը ոչ միայն զուտ երթևեկության կանոնների հետևելու գործառույթ էր տրված, այլև ընդհանուր իրավակարգի պահպանման: Այդ գծով ևս Պարեկային ծառայության արձանագրումները գերազանցում են Ճանապարհային ոստիկանության ցուցանիշներին: Մասնավորապես, հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, Պարեկային ծառայության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ:

Վարչական իրավախախտում կատարելու համար՝ ոչ մի արձանագրություն, Պարեկային ծառայության կողմից՝ 189 արձանագրություն: Ճանապարհային ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, Պարեկային ծառայությունը հայտնաբերել է 51 անձի: Ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմված արձանագրություն, նախկինում՝ 0, նախորդ տարվա վեց ամիսներին՝ 3 հազար 267 արձանագրություն:

«Մեր դրական արձագանքն այն մասին չէ, որ այսքան տուգանք է կիրառվել: Այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգու կանոն, ինստիտուտ: Եթե օրենքի խախտումը չի բերում պատասխանատվություն, ապա բերում է օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]