Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Ախուրյանի ոստիկանները բացահայտել են տարիներ առաջ կատարված ավազակությունը

Ախուրյանի ոստիկանները բացահայտել են տարիներ առաջ կատարված 
ավազակությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի ոստիկանները բացահայտել են 2019-ի դեկտեմբերին Բենիամին գյուղի մոտակայքում կատարված ավազակությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մի բնակիչ մարմնական վնասվածքներով դիմել էր բժշկական կենտրոն։ Իրավապահներին նա հայտնել էր, որ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Բենիամին գյուղի մոտակայքում, ինչ-որ մեկը կանգնեցրել էր իր մեքենան, հարվածներ հասցրել, սուր-կտրող-ծակող գործիքով սպառնացել, ինչից հետո ինքն այդ անձին տվել էր 200 հազար դրամ։

Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Տևական ժամանակ ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի ու Ախուրյանի բաժինների ծառայողների հետևողական միջոցառումների արդյունքում ավազակությունը բացահայտվեց։ Հունվարի 13-ին պարզվեց, որ հանցագործությունն արել է Գյումրիի 27-ամյա մի բնակիչ։ Նա կասկածանքով բերման ենթարկվեց ու խոստովանեց տարիներ առաջ կատարածը»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]