Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների հետ

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և 
գործադիր մարմինների պատասխանատուների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի հետ, ընդհանուր առմամբ, կա փոխըմբռնում:

«Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ մեր պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի մոտ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն: Համոզված եմ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային դրական մթնոլորտը միմիայն օգնելու է առկա մարտահրավերներին դիմակայելու և ստեղծված ծանր իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ջանքերին»,- ասել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով գործադիր-օրենսդիր համագործակցությանը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ արդյունավետության բարձրացման խնդիր է տեսնում և հանձնարարել է կառավարության անդամներին դրսևորել ավելի բարձր պատասխանատվություն ու համագործակցայնություն: Բացի նշվածից՝ նախագահը նախարարներին հանձնարարել է նաև պետական տարբեր ծրագրեր կյանքի կոչելուց առաջ քննարկումներ իրականացնել քաղաքական ուժերի և հանրային տարբեր շրջանակների հետ:

«Հանրության հետ պարբերական շփումները, բնակչության դիմումներին ու խնդիրներին պատշաճ արձագանքը և կանոնավոր ընդունելությունները, թափանցիկ գործելաոճը պետք է լինեն ձեր աշխատանքի անբաժանելի մաս, հակառակ դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում եմ կայացնելու»,- դիմելով գործադիրի անդամներին նշել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ սահմանադրական հնարավոր բարեփոխումների առաջարկը դեռևս անցած տարվա կեսից խորհրդակցությունների մակարդակով քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, սակայն հայեցակարգի ընդունման և հանրաքվեի կազմակերպման համար ճանապարհային քարտեզ ունենալու հարցերը պետք է դեռ քննարկվեն:

«Կարևորը՝ կա գիտակցում, որ սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերն ու առանձնահատկությունները և պետք է ուղենշեն այն ճանապարհը, որը մեզ չի շեղելու մեր պետականակերտման գաղափարից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, անվտանգային միջավայրի բարելավման և ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]