Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

12 գիրք և խրախուսական մրցանակ. մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը

12 գիրք և խրախուսական մրցանակ. մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Արմենպրես»- լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների հետ սկսում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը: Այն բաղկացած է 4 փուլից: Յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 20:00-ին, «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի 3-ը: Գործընկեր հրատարակիչների աջակցությամբ մրցութային կարգով խաղարկվելու է ընդհանուրը 12 գիրք, ևս 3 գիրք կտրվի որպես խրախուսական մրցանակ: Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը:

«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը, կարևորելով նման նախաձեռնությունները, նշեց, որ դրանք նպաստում են գրքի տարածմանը:

«Երբ, սովորաբար, հայտարարվում է մրցույթի մասին, սոցիալական ցանցերում արդեն ակտիվություն է նկատվում: Առցանց պատվերների թիվն է ավելանում, գրախանութներում հարցումներն են շատանում: Գիրքը շատերի համար, կարծես, դարձել է շատ հարմար նվեր: Շատ հարցումներ վկայում են այն մասին, որ երբ գրքերը գնում ենք, դրանց 25 տոկոսն ենք կարդում: Միևնույն է, նման միջոցառումները նպաստում են գրքի առաջխաղացմանը, հրատարակիչների վերաբերյալ ընթերցողներն ավելի շատ ինֆորմացիա են ստանում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Գոհար Մանուկյանը:

«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ «Արմենպրես»-ը թե «Երևանյան բեսթսելեր», թե «Նոր գիրք» նախագծերով նպաստել է գրքի, գրականության հանրահռչակմանը, հետաքրքրության մեծացմանը:

«Գրքի տոնը, նման նախաձեռնությունները նպաստել են, որ գիրքը դարձել է ոչ միայն գրքի տոնի, այլև ամանորյա, ծննդյան առիթների նվեր, ինչը շատ ողջունելի է: Վերջին շրջանում իսկապես նկատվում է այն հանգամանքը, որ մարդիկ սկսել են ավելի շատ գիրք կարդալ: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում, երբ մարդիկ տանն էին, և շատ անելիք չկար»,-ասաց Ռոզա Գրիգորյանը:

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի խոսքով՝ որքան շատ լինեն գրքին նվիրված միջոցառումները, գրքի տոները, այնքան հասարակությունն ավելի մոտ կլինի գրքին:  

«Այստեղ միայն գիրք գնելը չէ, հասարակությունն իր առօրյայի, կենցաղի մեջ պետք է տեսնի գիրքը: Եթե տարիներ առաջ հատ ու կենտ տոներ էինք ունենում, ապա հիմա տեսնում ենք, որ հաճախակիացել են նման նախաձեռնությունները, ինչը շատ ուրախալի է: Շնորհակալություն Լևոն Անանյանին՝ այն ժամանակ Գրողների միության նախագահին, ով գրքի տոնի սկիզբը դրեց, որից հետո ավելացան գրքի հանրահռչակմանն ուղղված միջոցառումներն արդեն ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց Հայկ Համբարձումյանը:

Հրատարակիչները նշեցին, որ Գիրք նվիրելու օրն արդեն իր ուրույն տեղն է գտել հասարակության շրջանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սովորաբար տոնին նախորդող օրերին գրքերի վաճառքներն ավելանում են:

«Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը նշեց, որ իրենց գրախանութներում Գիրք նվիրելու օրվանից մեկ շաբաթ առաջ արդեն բավական ակտիվություն է լինում:

«Որպես գրքի տոն փետրվարի 19-ը կայացել է: Այդ օրերին պահանջարկ են ունենում ամենատարբեր ժանրերի գրքերը, սակայն առավելապես վաճառվում է մանկական, գեղարվեստական գրականությունը: Այդ օրերին մյուս օրերի համեմատ գրքերի վաճառքը կրկնակի ավելանում է»,-ասաց Լորիս Վարդանյանը:

«Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին որպես մեծամասշտաբ գրական տոն, ըստ էության, երկուսն են՝ Գիրք նվիրելու օրը, Երևանյան գրքի փառատոնը: Իրադարձություններ, որոնք լավ իմաստով ստիպում են հրատարակիչներին պատրաստվել:

«Ոչ միայն լայն սպառում ունեցող գրքերն են ներկայացվում, այլև հրատարակիչները փորձում են նորույթով հանդես գալ: Ակնհայտ է, որ գրքերի սպառումը քանակական առումով նկատելի ավելանում է: Մյուս ամիսների համեմատ, գրքի տոնի շրջանակում ամենաքիչը 20-30 տոկոսով գրքի սպառումը մեծանում է»,-հավելեց Դավիթ Սամվելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]