Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ փոխնախարարն ու Գերմանիայի ակադեմիական ծառայության պատվիրակությունը քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ԿԳՄՍ փոխնախարարն ու Գերմանիայի ակադեմիական ծառայության 
պատվիրակությունը քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով:

Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար ներկայացվեն որակյալ հայտեր:

Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը:

Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ՝ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]