Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախկինում ես էլ էի կարդում նրան, բայց ասում էի. «Սա ինձ չի վերաբերվում, որովհետեւ մաքուր հայ չեմ»: Հրանտ Դինքի մահը ստիպեց ինձ ամոթ զգալ, որովհետեւ նա ինձ նմաններին մոբիլիզացնել ցանկացող մարդն էր: Ես միշտ խուսափել եմ հայկական համայնքից, որովհետեւ հայերեն չգիտեմ… Փոքր ժամանակ անունս լսելիս հարցնում էին՝ թո՞ւրք չես: Միշտ կրկնում էի այն, ինչ մայրս էր սովորեցրել. «Ես հայ ծագումով թուրք եմ»:

Հրանտ Դինքն ստիպեց աշխարհին բաց հայացքով նայել: Հրանտ Դինքից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել: Երբեք հայ տղայի հետ չեմ հանդիպել, Հրանտ Դինքից հետո Սերհատի հետ ծանոթացա: Նա խոսում էր Դինքի մասին, եւ այդ ամենն սկսվեց հայ լինելու հարցի շուրջ: Հրանտ Դինքը շատ կարեւոր է հորս եւ մորս համար: Նրանք շատ են փոխվել: Նրանց շատ էր զարմացրել «Բոլորս հայ ենք» կարգախոսը: Նրանք դա համեմատում են իրենց անցյալի հետ եւ մտածում. «Մի՞թե սա հնարավոր է»: Առաջին անգամ խոստովանեցին. «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որեւէ խնդիր չունենաս…»: Հորս աչքերն արցունքով են լցվում: Եվ նա նույնիսկ ասում է. «Կարծում ես՝ պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…»:

Լեյլա ՆԵՅԶԻ

 

Ճիշտ տասնհինգ տարի առաջ այս օրը Ստամբուլի Շիշլի թաղամասում, իր խմբագրած «Ակոսի» խմբագրատան առաջ տասնյոթամյա մի թուրք լամուկի արձակած դավադիր կրակոցներից դադարեց բաբախել Սարգիս եւ Գյուլվարդ  ամուսինների Հրանտ Դինք զավակի խաղաղասեր ու մեծ սիրտը: Նրանք արմատներով Մալաթիայից էին եւ Ստամբուլ էին տեղափոխվել, երբ Հրանտը յոթ տարեկան էր: Ապագա մտավորականը հասակ էր առնելու Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, սովորելու էր Պեզճյան վարժարանում, ապա՝ Սուրբ Խաչ դպրեվանքում, ավարտելու էր Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետները, իսկ զինվորական ծառայությունից հետո աշխատելու էր որպես լրագրող: Ժամանակներ անց, նպատակ ունենալով բարձրաձայնելու թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունն ու դառնալու նրա իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակի դերակատարում ստանձնելով հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ՝ 1996 թ. ստեղծում է «Ակոս» երկլեզու՝ հայերեն եւ թուրքերեն թերթը: Չնայած այն իրողությանը, որ հաջորդաբար սպառնալիքներ էր ստանալու այս երկրում ազատորեն գործող ազգայնական խմբավորումներից, միեւնուն է, արհամարհելով այդ ամենը՝ բարձրաձայնելու էր իր մտահոգությունները տեղի հայության վիճակի մասին, ժողովրդական տարբեր հարթակներում ու կազմակերպություններում ելույթներ ունենալով՝ ընդգծելու էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մանավանդ հայ համայնքի իրավունքների հարցը: Իսկ Հայոց ցեղասպանության խնդրում բացահայտորեն հակադրվելով թուրքական անմեղսունակ ձեւացնող այն պնդումներին, թե 1915-ին տեղի ունեցածը պատերազմական իրադարձությունների ու բախումների հետեւանք է եղել եւ ոչ նպատակային կոտորած, Դինքը ենթարկվելու էր բացահայտ հալածանքների եւ 2005-ին վեցամսյա պայմանական բանտարկության դատապարտվելու:

«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել,- գրելու էր ըմբոստ, բայցեւ խաղաղասեր խմբագիրը:- Եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի-հաճելի մարդկանց տպավորություն են թողնում… Բայց, ամեն դեպքում, ինչու նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չեն ցանկանա անել դա, եւ այդ իսկ պատճառով չեն կարողանում հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան…»: Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, նա կոչ էր անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից…»:

Անկախ հանուն հաշտեցման ու համատեղ խաղաղ գոյակցության իր գործադրած ջանքերից, հրազենային «յաթաղանի» զոհ էր դառնալու հիսուներեքամյա գործիչը, որ համոզված էր, թե «չեն կրակում աղավնիների վրա»: Բայց կրակեցին: Եվ այդ կրակոցների արձագանքը լսվեց աշխարհով մեկ: Թուրքահայ ճանաչված բանաստեղծ Զահրատը գրեց.

«Աղավնիներ համոզեցին, որ իրենց վրա չեն կրակեր. Հրանտ Դինք հավատաց: Թեպետ երկչոտ՝ հավատաց, թե ինք աղավնի մըն է:

Բայց կրակեցին:

Նախատեսված էր. մեկ քանի տարի առաջ ըսած էր ինծի.

«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝ անկողնի մեջ…»:

Թող պառկի լույսերու մեջ:

Եթե մեզի հարցնեք՝ ան միշտ հաղթական պիտի կանգնի՝ անաղարտ արձանի մը պես…»:

 

Սպանեցին…Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» պաստառներով: Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նույն Թուրքիայի վարչապետը: Այս երկրի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունն էլ Խոսքի եւ խղճի ազատության ամենամյա մրցանակի արժանացրեց նրան: Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության եւ լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, նաեւ Հայաստանի նախագահի ու այլ մրցանակներ էլ շնորհվեցին «Ակոսի» նահատակված խմբագրին:

«Ընդհանրապես չեմ հիշում՝ Հրանտի հետ երբ եմ ծանոթացել, կարծես նա միշտ կար,-գրելու էր թուրք ազնվամիտ գրող Ֆեթհիե Չեթինը:- Շատ ժողովների ժամանակ եմ հետեւել նրան: Միշտ նկատել եմ աչքերի խոնավությունը, նա էլ միշտ իմ զգացմունքայնությունն է նկատել: Զայրույթս է նկատել: Երբեմն ինձ ասում էր՝ հանդարտվի՛ր: Հրանտին հետեւելիս տեսնում էի, թե ինչպես էր ներքուստ միշտ արտասվում: Անհավատալի մարդ էր: Այսքա՛ն անդրադառնալ ապրածներին… Ի՛նչ համբերություն ուներ, դիմացկունություն…Ինչպես է դիմացել: Զարմանալի մարդ էր: Այնքան խորն էր մտածում, այնքան էր հարցի մեջ եւ այնքան ճիշտ տեղում էր գտնվում, որ…Ոչ այս ամենի վրա հիմնած ազգայնականություն ունեցավ, ոչ էլ դիմացինի հանդեպ թշնամություն: Դրա համար պետք է Հրանտին հասկանալ՝ ինչ էր ուզում…»:

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չե՛ն կրակում…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]