Վարդևանյանը կոչ է անում շրջանառության մեջ դնել համաներման նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իշխանությանը կոչ է անում դեռ 2021-ին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին ընթացք տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդևանյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
«Կարծում եմ, որ ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված և այդպես էլ ընթացք չստացած համաներման մասին նախագծին: Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ իշխանությունը նշված փաստաթղթին ընթացք տա»,-ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա դա տրամաբանություն ունի, հատկապես, երբ ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված անձինք կան: «Այս իրավիճակի լավագույն լուծումը հենց կարող է լինել տրամաբանական համաներման մասին օրենքը»,-ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ այդ համաներման նախագիծը կարող է ներառել ընդհուպ նաև ծանր հանցագործությունները: Այդ դեպքում Վարդևանյանը խոստացավ կողմ քվեարկել:
«Հայաստան» խմբակցությունը շրջանառության է մեջ դրել նաև ճանապարհային տուգանային միավորների ներդրմանը՝ բալային համակարգին առնչվող նախագիծ: «Նախագծով առաջարկում ենք, որ այդ բալային համակարգ վերացվի, քանի որ այդ բալային համակարգը, ըստ վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել է: Սա ուղղակի աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը:
Խմբակցությունը ոստիկանությունից հետաքրքրվել է նաև ՃՏՊ-ների վիճակագրությամբ, թե հատկապես մահվան ելքով վթարները պակասե՞լ են բալային համակարգի ներդրմամբ. Պարզվել է, որ ոչ:
Սակայն, ըստ պատգամավորի, իշխանությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, սակայն «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ այն կներառվի օրակարգում ու քննարկման առարկա կդառնա:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով մասնավորապես առաջարկվում էր համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նախագծով առաջարկվում էր համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում