Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համավարակի ընթացքում շարունակական կրթություն ապահովվել է աշակերտների շուրջ 85 տոկոսի համար. ԿՏԱԿ-ի տնօրեն

Համավարակի ընթացքում շարունակական կրթություն ապահովվել է աշակերտների 
շուրջ 85 տոկոսի համար. ԿՏԱԿ-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ֆունկցիոնալ անգրագիտության աճ է նկատվում։ Հիմնական պատճառը դպրոցների փակ լինելն է, ինչպես նաև՝ հեռավար կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Հայաստանում հեռավար կրթությունը կազմակերպվել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից։ Գործընթացի, գրանցած արդյունքների և քաղած դասերի մասին «Արմենպրես»–ը զրուցել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հետ։

- Համաշխարհային բանկը տարեվերջին ուսումնասիրություն էր կատարել, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակը զգալիորեն ավելացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան այն երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 %-ի։ Փորձագետներն այս ցուցանիշը կապում են դպրոցների փակման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում հեռավար ուսուցման միջոցով հնարավոր եղավ կրթության շարունակականություն ապահովել աշակերտների շուրջ 85 տոկոսի համար։

– Այո, կարող ենք ասել, որ Հայաստանը շատ լավ ցուցանիշ գրանցեց։ Սակայն պետք է նշեմ, որ այդ ցուցանիշը վերջնական չէ։ 85 տոկոսն այն թիվն էր, որն ի հայտ եկավ հեռավար ուսուցման մեկնարկի առաջին շաբաթվա ընթացքում։ Հետագայում, ցավոք, հաշվարկ չիրականացվեց, բայց կարող եմ հստակ ասել, որ այդ թիվն ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը։ Մեր դիտարկումների համաձայն՝ եռամսյակի ավարտին աշակերտների թիվն ավելին է եղել։

Ինչպե՞ս դա հնարավոր եղավ։

– Համակարգը, որի միջոցով կարողացանք հասնել այս ցուցանիշին, ստեղծվել է դեռ 10-12 տարի առաջ։ Այն, ըստ էության, ոչ թե ուսուցման, այլ կառավարման համակարգ է, և նախատեսված չէր նման իրավիճակների համար։ Դրա ստեղծման մասին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մտածում էինք դեռ 2007 թվականից, որովհետև վստահ էինք, որ տվյալների ամբողջական բազա ունենալը չափազանց կարևոր է։ Նախ, ստեղծվեց «Աշակերտների կառավարման տեղեկատվական համակարգը», որի միջոցով հավաքագրում էինք հայաստանյան դպրոցների աշակերտների տվյալները։ Իհարկե, մշտապես խնդիր էր առաջանում առավել արդյունավետ դարձնել տվյալների հավաքագրման, ճշգրտման, դրանց հավաստիությունը ստուգելու գործընթացը։ Այդ ժամանակ որոշակի մեխանիզմներ սկսեցինք մշակել մեկ միասնական համակարգ ունենալու համար։ Հաջորդ տարիներին ստեղծվեց նաև «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը ևս փոխանցվեց ԿՏԱԿ–ին։ Տարիների ընթացքում մշակեցինք մի շարք ենթահամակարգեր, և 2018 թ.–ին ունեցանք «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։

Ինչպե՞ս այս համակարգն աշխատեց համավարակի ընթացքում։ Ո՞րն էր դրա բացառիկությունը։

– Համակարգի բաղադրիչներից մեկն էլ «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգն» է, որում կուտակվում են հայաստանյան դպրոցներում սովորողների և դասավանդողների ամբողջական տվյալները։ Եվ, քանի որ մենք արդեն իսկ ունեինք բոլոր անհրաժեշտ տվյալները, դպրոցների փակմանը զուգահեռ շատ արագ կարողացանք այս համակարգին ինտեգրել ուսուցման ամենատարբեր համակարգեր, ինչպիսին է, օրինակ, Microsoft Teams–ը։ Դպրոցների փակումից մի քանի օր անց արդեն Հայաստանի բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն իրենց անհատական օգտահաշիվներն ունեին հեռավար դասընթացներին մասնակցելու համար։

Բացառիկությունն այն էր, որ եթե չլինեին համակարգում հավաքված 40 հազար դասավանդողների և 400 հազար աշակերտների տվյալները, հեռավար կրթության կազմակերպումը հնարավոր չէր լինի հաշված օրերի ընթացքում։  Միայն այս տվյալաների հավաքագրումը ամիսներ կտևեր։ Մինչդեռ արդեն մեկ ամիս անց միայն Microsoft Teams–ում հեռավար դասընթացների մասնակցում էր 280 հազար ակտիվ օգտատեր։ Ուսուցիչների և աշակերտների մի մասն էլ օգտվում էին դասավանդման և խմբային տեսազանգերի այլ համակարգերից՝ Google classroom-ից, Zoom-ից կամ անգամ Viber-ից։ Մենք այս հարթակների գործածության սահմանափակում չէինք դրել, որովհետև հասկանում էինք՝ ուսուցիչներից շատերը չունեն բավարար տեխնիկական հմտություններ՝ ուսուցման համակարգերով աշխատելու համար, իսկ երեխաների կրթության շարունակականությունը պետք էր ապահովել բոլոր միջոցներով։

Հեռավար կրթությունը մարտահրավեր էր ոչ միայն Հայաստանի համար, այլև ողջ աշխարհի։ Որևէ երկիր չուներ նման նախադեպ, ըստ այդմ՝ նաև պատրաստի լուծումներ։ Ինչպե՞ս լուծվեց ուսուցման այս անծանոթ համակարգերից օգտվելու հարցը։

– Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամեն տարի տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսուցիչների հմտությունների վերաբերյալ հետազոտություն է իրականացնում դպրոցներում: 2019 թ. հետազոտությամբ՝ ուսուցիչներից ոչ ոք չէր նշել, որ ունի հեռավար ուսուցման հմտություն: Այսօր այդ նույն հետազոտությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր: Միայն 2020 թ–ին ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է հեռավար դասընթացներ իրականացնելու համար։

Իսկ մինչ այդ, սկզբնական փուլում, մենք ոչ միայն խրախուսում էինք բոլոր հասանելի գործիքների կիրառությունը, այլև խորհրդատվություն էինք տրամադրում ուսուցիչներին, թե ինչպես կարելի է օգտվել այս կամ այն համակարգից՝ դասապրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Սրան զուգահեռ ստեղծեցինք նաև ինտերնետային կայք, որում կուտակեցինք բոլոր էլեկտրոնային ռեսուրսները, որոնցից կարող էին օգտվել աշակերտները, ծնողները և ուսուցիչները՝ համավարակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու համար։

Իսկ աշակերտների՞ համար։ Ինչպես ապահովվեց կրթության հասանելիությունը երեխաների համար։

– Դպրոցների փակմանը զուգահեռ, պարզ դարձավ, որ ինտերնետ կապի կամ համապատասխան սարքավորման բացակայության պատճառով Հայաստանում դպրոցականների շուրջ 15 %-ը չի կարող իրացնել կրթության իր իրավունքը: Ի պատիվ մեր կապի օպերատորների ասեմ, որ հաշված օրերի ընթացքում բոլոր օպերատորները համաձայնեցին անվճար ինտերնետ կապ տրամադրել դրա կարիքն ունեցող աշակերտներին, իսկ բարերարների միջոցով կարողացանք լուծել սարքավորումների ձեռքբերման խնդիրը։ Ցավոք, եղան երեխաներ, ում այս կամ այն պատճառով չկարողացանք ապահովել անհրաժեշտ պայմաններով։ Նրանց թիվը մեծ չէ, բայց յուրաքանչյուր երեխայի կրթություն կարևոր է։ 

Բացի այդ, հեռավար ուսուցման շրջանակում մենք նկարահանեցինք ավելի քան 2500 տեսադասեր, որոնք հասանելի են Armeduchannel յութուբյան ալիքում։ Այստեղ յուրաքանչյուր երեխա կարող է գտնել իրեն անհրաժեշտ դասը և դիտել այն իրեն հարմար վայրում, ցանկացած ժամանակ։ Դրանք տարբերակված են ըստ դասարանների և առարկաների։ Մի մասի համար կարողացանք նաև ժեստերի լեզվի թարգմանություն ապահովել, ինչը շատ կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Հայաստանում դպրոցները փակ մնացին 12 շաբաթ։ Եվ, չնայած, որ հանրակրթությունն արդեն իրականացվում է առկա համակարգով, հեռավար կրթությունը չի կորցնում իր արդիականությունը։ Ո՞րն է դրա անհրաժեշտությունն այսօր։

– Այո, մենք այսօր էլ իրականացնում ենք հեռավար կրթություն՝ երկու մասով։ Նախ, յուրաքանչյուր երեխա, որն այս կամ այն պատճառով չի կարողանում առկա ուսուցում ստանալ, կարող է դիմել իր դպրոցին և հաշված ժամերի ընթացքում նրան կտրամադրվի օգտանուն և գաղտնաբառ՝ հեռավար դասերին մասնակցելու համար։ Խոսքը միայն համավարակով պայմանավորված խնդիրների մասին չէ։ Այս հնարավորությունը նախատեսված է մի շարք արտակարգ դեպքերի համար, ինչպես նաև երեխաների, ովքեր գտնվում են երկարատև բուժման մեջ և չեն կարող դպրոց հաճախել, ովքեր ապրում են Սփյուռքում կամ որոնց ծնողները դիվանագիտական առաքելություն են իրականացնում արտասահմանում։ Հեռավար կրթություն կարող է իրականացվել նաև այն դեպքում, եթե դպրոցը չունի համապատասխան առարկայի մասնագետ, այնքան ժամանակ, մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղը կհամալրվի։

 Նախագծի շրջանակում ներգրավված 29 ուսուցիչներ հանրակրթական ծրագրին համապատասխան վեբինարներն են անցկացում և առցանց հարթակում նյութեր տեղադրում։ Իրականացնում ենք նաև ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում։

2021-22 թթ․ ուսումնական տարվա ընթացքում հեռավար կրթություն ստացել է 7600 երեխա։ Այսօր ևս թիվը չի պակասում։

Մյուս ուղղությունը, որով այսօր զբաղվում է մեր Հեռավար ուսուցման կենտրոնը, մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականությունն ապահովելն է՝ էլեկտրոնային ուսուցում կազմակերպելով այն առարկաների համար, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Ծրագրի իրականացման արդյունքում ընտրվել են դպրոցներ, որտեղ իրականացվել է Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում և ստեղծվել մենթորական ցանց։ Կարողությունների զարգացման գործընթացը հաջողությամբ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն են ստանում դասավանդել ուսուցչի կարիք ունեցող մարզային դպրոցների աշակերտներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]