Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

«Նոր գիրք»-44/21. Ալիշան, Արեն, Դալ, Մանն

«Նոր գիրք»-44/21.  Ալիշան, Արեն, Դալ, Մանն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր:

Հայ հեղինակ  
Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները»

«Հին հավատք կամ հեթանոս կրօնք հայոց» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․ Ս․ Աբրահամյանի և Վ․ Գ․ Բարսեղյանի խմբագրությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն
Մարկ Արեն, «Բարի գործերի քաղաք»

Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ: Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն
Ռոալդ Դալ, «Ջորջի հրաշագործ բալասանը»

Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր տատիկին դեղը տալիս Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ բուժի, կա՛մ… այնքան էլ չէ: Թարգմանիչ` Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես հրատարակչությունը:

                                               Փաստավավերագրական գրականություն

Իգոր Մանն, «Մարքեթինգ առանց բյուջեի 50 աշխատող գործիք Ձեր բիզնեսի աճի համար»

Այս գրքում ներկայացված հիսուն գաղափարները վերաբերում են տարբեր ոլորտների` մարքեթինգին, գովազդին, վաճառքին, հանրային կապերին (PR), հաճախորդների հավատարմությանը և ընդհանրապես՝ աշխատանքի կազմակերպմանը։ Սակայն դրանք ունեն մեկ ընդհանրություն՝ եկամտի զգալի աճի ապահովման միջոցներ, որոնք կարելի է ներդնել և´ փոքր բյուջեով, և´ ընդհանրապես առանց բյուջեի։ Գիրքը լույս է ընծայել DaVinci հրատարակչությունը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]