Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան. խորհուրդներ ոճաբանից

Ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան. 
խորհուրդներ ոճաբանից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր օրերում ոճային հագնվելու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել հագուստի վրա։ Թանկ հագուստը միշտ չէ, որ երաշխավորում է ձեր ոճային տեսքն ու ընդգծում ձեր առանձնահատկությունները։

Բոլորն էլ ձգտում են երևալ ոճային, խնամված, ցանկալի, սակայն շատ հաճախ էլ չգիտակցելով, թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք աններելի են նորաձևության մեջ: Աղջիկները հաճախ են բողոքում, որ ոչինչ չունեն հագնելու: Մեծ հաշվով, դա լինում է ոչ թե հագուստի բացակայության, այլ բավարար իմացություն չունենալու պատճառով, թե օրինակ ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան:

Ոճաբան Արմեն Գալյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոճի և հագնվելու իր տարբերակը. «Ազատ լինելով և սեփական ցանկությունները ռեալիզացնելով՝  մի կողմից մենք ստեղծում ենք մեր սեփական ոճը, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որպեսզի նորաձևությունը առաջ շարժվի»:

 

-Ո՞րն  է  2022 թվականի գունապնակը և ի՞նչ գունային համադրություններն են այս տարի համարվում նորաձև:

-Խոսենք աշուն-ձմեռ հավաքածուների մասին.  գլխավոր գույնը, որը երկար ժամանակ չի եղել ու հիմա ամենակտիվն է, շագանակագույնն է: Ընդ որում, այն շատ պրոբլեմատիկ գույն է և տարիք է հաղորդում կրողին, բայց հիմա այն ունի ժամանակակից տեսք: Պետք է նշեմ, որ չեմ հիշում վերջին անգամ այս գույնը այսքան նորաձև երբ է եղել:  Բացի դրանից, ակտուալ է բեժ գամման: Այս տարի շատ ակտիվ է նարնջագույնը՝ որպես վառ գույն, ակտուալ է մնում կանաչը՝ որպես աշնանային սեզոնի գույն, պարզապես մի փոքր ավելի մուգ երանգը: Իրականում սխալ է մոխրագույնը որևէ սեզոնի համար նշել, բայց մոխրագույնը այս պահին շատ ակտիվ է:  Մոխրագույնը միշտ ակտուալ է, բայց հիմա մոխրագույնի բոլոր երանգները իրար հետ են համադրում, և դա ոճային է:

-Ինչո՞վ առաջնորդվել, որպեսզի լինել և՛ ոճային,  և՛ զգալ հարմարավետ:

-Իրականում ասեմ, որ  այժմյան նորաձևությունը այնքան հարմարավետ է, ինչքան երբևէ չի եղել: Դրան նպաստել է նաև պանդեմիան. մարդիկ փակվեցին տանը և սկսեցին հագնել սպորտային հագուստ: Այժմ,  չհրաժարվելով հարմարավետությունից, այդ նույն հագուստով դուրս եկան: Չեմ կարող ասել,  որ սա ինձ շատ է դուր գալիս: Սա հաստատ այն թրենդներից է, որ տարիներ հետո, երբ հետ նայենք, թվալու է տարօրինակ, բայց այսօրվա նորաձևությունը իսկապես շատ հարմարավետ է, և դա մարդկանց համար գլխավոր պայմաններից է հագուստ գնելիս: Այսինքն՝ մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում հենց հարմարավետությանը:

Այսօրվա նորաձևությունը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում դու հագնվես հարմարավետ: Հարմարավետությունը դարձել է գլխավոր գործոնը: Այն իրավիճակներում,  երբ  սպորտային հագուստը կամ սպորտային տարր ունեցող հագուստը համարվում էր անթույլատրելի և անընդունելի, այժմ հակառակն է: Այնպես որ, ժամանակը  թելադրում է հարմարավետություն: Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու այս ամենից դուրս գալ, այսինքն՝ մի քանի տարի անց, երբ այս միտումը կանցնի, շատ ավելի դժվար կլինի կրել ոչ այնքան հարմարավետ հագուստ:  

-Կնշե՞ք առաջնային կանոնը, որով պետք է առաջնորդվել հագուստ ընտրելիս:

-Կասեմ, որ  եթե մարդը նույնիսկ գիտակցում է, որ հագուստը իրեն չի սազում, բայց նա դա ուզում է կրել, ուրեմն թող կրի: Ես կարծում եմ, որ նորաձևությունը հիմա շատ ազատ է, և ամեն մարդ անում է այն ամենը ինչ իրեն դուր է գալիս: Բայց որպես խորհուրդ ասեմ, որ պետք է ուշադրություն դարձնել, իհարկե, կազմվածքին,  քո ցանկություններին ու հասկանալ քեզ ինչի՞ մեջ ես լավ զգում, ի՞նչն է քեզ հաճույք պատճառում, երբ դու կրում ես այդ հագուստը:

-Որպես մասնագետ խնդրում եմ նշել, թե՞ որոնք են մեր հասարակությունում տարածված սխալները հագուստի ընտրության կամ համադրության հարցում:

-Ես իրականում գտնում եմ, որ չկա ճիշտ ու սխալ, ում ինչպես դուր է գալիս պետք է հագնվի այդպես, որովհետև դրա մեջ կա ցանկացած մարդու Ես-ը: Նորաձությունը հենց դա է: Մենք պետք է լինենք այնքան բաց ու ազատ, որպեսզի չկենտրոնանանք ու չքննադատենք ոչ մեկի հագածը: Եվ ավելացնեմ այն տեսակետը, որ նորաձևությունը առաջ է շարժվում նրանով, որպեսզի հերքի այն կանոնները, որոնք կան: Օրինակ՝ մինչև 90-ականները համարվում էր, որ կապույտն ու սևը իրար հետ  հագնել չի կարելի, հետո հասկացան, որ դա կարող է լինել գեղեցիկ: Կամ վերջին օրինակներից ասեմ. նկատած կլինեք վերջին տարիներին շատ նորաձև է դարձել բաց կոշիկները՝սանդալները հագնել գուլպաներով, բայց սա ամենավառ տաբուն էր, որ դրված էր և համարվում էր ամենավատ համադրությունը: Բայց ոճաբանները ինչ-որ կերպ սթայլափ արեցին և մատուցեցին այնպես, որ հիմա այն համարվում է սուպեր թրենդ: Բայց նշեմ, որ շատ մարդիկ այն էլի չեն կարողանում  ճիշտ մատուցել: Ամենավառ օրինակը ասեմ. սպիտակ գուլպաները և սև սանդալները  ամենավատ համադրությունն էր, որ կարող էր լինել: Բայց հիմա, երբ նայում ես Միլանի սթրիթ սթայլը՝ Fashion Week-ի ամենավառ դեմքերի մոտ կտեսնես հենց այդ համադրությունը: Կամ տեսնում ես բաց կոշիկներով աղջիկ, որը կրում է փայլուն գուլպա: Սա կարելի է ասել օրենքի խախտում է, բայց նորաձևությունը առաջ է գնում նրանով, որ խախտում է այդ օրենքը:

-Ի՞նչ է բազային  պահարանը և ո՞րն է այն հավաքելու առավելությունները:

-Նախ նշեմ, որ բազային պահարանը շատ կարևոր է, քանի որ կան մի շարք իրեր, որոնք ցանկացած ժամանակակից մարդու զգեստապահարանում եթե ոչ պարտադիր, ապա շատ ցանկալի են: Դրանք հանդիսանում են ֆոն նրա համար, որպեսզի դուք կարողանաք համադրել շատ նորաձև իրերի հետ: Ինչպես նաև դրանք ձեզ փրկում են ցանկացած իրավիճակում, երբ դուք չգիտեք, թե ինչ-որ մի բանի հետ ինչ կրեք: Բազային պահարանի պարունակությունը ժամանակ առ ժամանակ փոխվում է, բայց կարծում եմ՝ մենք կարող ենք թվարկել ինչ-որ իրեր, որոնք պետք են իսկապես բոլորիս: Օրինակ և՛ տղամարդկանց, և՛ կանանց  անհրաժեշտ են մոխրագույն տաբատ, սպիտակ կեդեր կամ բոթասի կլասիկ մոդելներ, սև կոշիկ, որևէ մուգ պիջակ: Կարծում եմ, որ կանանց զգեստապահարանում պարտադիր է սև զգեստը:  Բոլորիս պետք է մոխրագույն կամ բեժ վերարկու, սպիտակ վերնաշապիկ,  կլասիկ ճիշտ ջինս: Աղջիկների պարագայում պարտադիր են նաև բեժ գույնի բարձրակրունկ կոշիկները: 

-Եվ ի վերջո ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

-Ես միշտ խորհուրդ եմ տալիս հագնվել մտածված: Կարծում եմ, որ դա իրոք շատ կարևոր է, քանի որ հագուստն ասելիք է: Եթե դու այդ օրը ուզում ես ինչ-որ բան ասել, դու դա մտածված ես անում, եթե դու ուզում ես լինել չեզոք, դու դա մտածված ես անում, եթե ուզում ես լինել գեղեցիկ, մտածում ես ո՞նց անել:

Ես կարևոր եմ համարում, որպեսզի մարդիկ ազատ լինեն հագնվելու ցանկությունների մեջ: Ազատությունը հագուստի և ոճի ընտրության համար շատ կարևոր է: Ազատ լինելով և սեփական ցանկությունները ռեալիզացնելով՝  մի կողմից մենք ստեղծում ենք մեր սեփական ոճը, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որպեսզի նորաձևությունն առաջ շարժվի:

Գայանե Գաբոյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]