Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը. Արցախի ՄԻՊ

Առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված 
հենակետերի անհապաղ հեռացումը. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։

Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարհանվել  են։

Իրավապահների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Հրաձգային զինատեսակների գնդակների մնացորդներ են հայտնաբերվել նաև համայնքի բնակելի հատվածի կենտրոնական մասում գտնվող մեկ այլ տան բակում։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորուստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:

«Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։ Այսօրվա միջադեպերը և նախորդ տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ նմանօրինակ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը։ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]