Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-41/21. Զարդարեան, Սարոյան, Գրիգորյան, Ջիրարդ

«Նոր գիրք»-41/21.  Զարդարեան, Սարոյան, Գրիգորյան, Ջիրարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Հրաչ Զարդարեան, «Որբացող մարդիկ»

«Սփյուռք» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Հրաչ Զարդարեանի «Որբացող մարդիկ» վեպը։ Զարդարեանի բեղուն կյանքը համընկնում է Սփյուռքի չափազանց բարդ և հակասական այն տարիներին, երբ հայությունը ինքնության փնտրտուքի մեջ էր՝ «բեռնաւորուած բացասական ու դրական» սպառնալիքներով։

«Որբացող մարդիկ» վեպը հեղինակի բնորոշմամբ «անսպասելի ծնած է»։ Այնտեղ առկա են գրողին մտահոգող մարդու և ազատության խնդիրը, բայց ի՞նչ պայմաններում. երբ օտարվածության զգացումը դարանակալել էր նրանցից յուրաքանչյուրին՝ ներխուժելով համայնքային մթնոլորտ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

Թարգմանական գրականություն
Ուիլյամ Սարոյան, «Ռոք Վագրամ»

«Ռոք Վագրամ» վեպը (1951) ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:

Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն
Երազիկ Գրիգորյան, «Կախարդին գումարած ագռավ»

Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն
Ջո Ջիրարդ, «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու»

«Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գրքի հեղինակը լեգենդար ավտովաճառող Ջո Ջիրարդն է, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը, իսկ հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]