Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Արցախի պետական նախարարն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Արցախի պետական նախարարն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր 
հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հոկտեմբերի 25-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, նրա ավագ խորհրդական Դավիթ Հակոբյանի և արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ -AMAA) գործադիր տնօրեն/գլխավոր գործադիր պաշտոնյա (CEO) Զավեն Խանջյանը, Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, Արցախում Ընկերակցության ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը և Սիրիայի Հայ Ավետարանչական համայնքի նախագահ և Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (AEWC) քարտուղար վերապատվելի դոկտոր Հարություն Սելիմյանը:

Զրուցակիցները քննարկել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, ինչպես նաև պատերազմից տուժած Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր:

Օրակարգի կետերը ներառել են նաև պատերազմի արդյունքում ուղղակիորեն տեղահանված անձանց բնակարաններով ապահովմանն ուղղված Արցախի կառավարության ծրագրերի քննարկումը: Դեսպան Բայբուրդյանն ընդգծել է Արցախի տնտեսական և մարդկային զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցության գործում Սփյուռքի միասնական դերի բարձրացման անհրաժեշտությունը:

Հոտեմբերի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել ընդունելություն ՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի: Ընդունելությանը ներկա էին Կալիֆորնիայի հայ համայնքի եկեղեցական, քաղաքական, մշակութային, գործարար և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև համայնքի անդամներ: ԱՄՆ ընտրված պաշտոնյաները նույնպես ժամանել են Արցախի պետական նախարարի հետ հանդիպելու։ Նրանց թվում էին Կալիֆորնիա նահանգի սենատորներ Էնթոնի Պորտանտինոն  և Մարիա Ելենա Դուրասոն, Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի/խորհրդարանի անդամներ Ադրին Նազարյանը և Լորա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը և Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհրդի ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը Նորին Սրբազնություն Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին հրավիրել է աղոթելու ՝ ընդունելություն սկսելու կոչով և հանդես գալու ելույթով:

Ողջունելով հյուրերին ՝ դեսպան Բայբուրդյանը կարևորել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի այցը ԱՄՆ և նշել, որ սա լավ հնարավորություն է ծանոթանալու Արցախում տիրող իրավիճակին, ԱՀ ապագա ծրագրերին և կարևորելու Կալիֆորնիայի հայ համայնքի դերն այդ ծրագրերում:

Ինչպես և բանկետի ժամանակ, պետական նախարարը հայ-ամերիկյան համայնքին է ներկայացրել Արցախի ապագայի կառուցման հինգ հիմնական սյուները․կայուն անվտանգություն, բարելավված ժողովրդագրություն, կայուն տնտեսական զարգացում, բարձրորակ կրթություն և արդյունավետ կառավարում։ Պետնախարար Բեգլարյանը խոսել է այս հինգ հենասյուների շրջանակներում իրականացվող ծրագրերի և դրանցում հայկական Սփյուռքի դերի մասին:

Ելույթով հանդես եկավ նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն/գլխավոր գործադիր պաշտոնյա Զավեն Խանջյանը, ով հյուրընկալության համամասնակից էր Գլխավոր հյուպատոսի հետ: Այնուհետև ելույթներով հանդես եկան պետական նախարարի ավագ խորհրդական Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև միջոցառմանը ներկա ընտրված պետական և տեղական պաշտոնատար անձինք: Նրանք Արցախի Հանրապետության պետական նախարարին ճանաչման հավաստագրեր (Certificate of Recognition) են հանձնել և վստահեցրել իրենց շարունակական աջակցության և Արցախի ժողովրդին սատարելու հանձնառության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է մեր աղբյուրը, այնտեղ եղել են նաև ամերիկացի պաշտոնատար անձինք, Կալիֆոռնիա նահանգի ստորին պալատի եւ Սենատի անդամները, Լոս Անջելեսի շրջանի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում նրանք ընդգծել են, որ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը 2014 թվականին և շարունակում է աջակցել Արցախի ժողովրդին:

«Պետական նախարարը արցախյան պայքարի մարմնավորումն է։ Այս այցը հատկապես կարևոր է քաղաքական տեսանկյունից ՝ ցույց տալու համար, որ Կալիֆորնիան սատարում է Արցախի ժողովրդին։ Սա հզոր ուղերձ է, քանի որ Կալիֆորնիա նահանգը հզոր խաղացող է ամբողջ Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի համար: Կալիֆորնիան շարունակելու է այդ կարևոր դերը խաղալ Արցախի համար», - ասել է Կալիֆորնիայի սենատոր Մարիա Ելենա Դուրասոն։

«Կարևոր է, որ համայնքը կապ պահպանի Արցախի հետ, որպեսզի մենք կարողանանք զգալ, լսել, հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, և տեսնե՛նք, թե ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել, և հարաբերությունները միշտ բաց և երկկողմանի են»,- ասել է Կալիֆորնիա նահանգի   խորհրդարանի անդամ, 46-րդ ընտրական շրջանը ներկայացնող Ադրին Նազարյանը։

«Ես Արցախում եմ եղել մոտ 4 տարի առաջ: Տպավորված էի այս վայրի գրավչությամբ, հայ ժողովրդի մշակույթով, որը պատկերված է յուրաքանչյուր քարի և շինության վրա: Գլենդեյլում, Լոս Անջելեսում, մենք սարսափած էինք պատերազմից, և այն այստեղ բերեց այդքան շատ մարդիկ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է: Պետական նախարարի գործունեությունը, որի միջոցով նա ցուցաբերում է արիություն եւ տոկունություն, ապագայի հույս է, որ Արցախը կմնա անկախ, հայկական մշակույթի կրողը՝ հայերի ձեռքում» - ասել Լորա Ֆրիդմանը, որը ներկայացնում է Ստորին պալատի 43-րդ շրջանը: 

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում իրականացվող ծրագրերը ամերիկահայ համայնքին և ամերիկացի պաշտոնատարներին, ամերիկահայերին կոչ անելով մասնակցել դրանց:

 «Մենք վերահաստատում ենք մեր պարտավորությունները Արցախի հանդեպ, որոնք այսօր ավելի կարևոր են», - ասաց Զավեն Խանջյանը:

«Նման այցելությունն անհրաժեշտ է ամերիկյան տարբեր շրջանակներին իրենց թեզերը ներկայացնելու, Արցախի վիճակը ճանաչելու, ժողովրդին օգտակար լինելու համար», - ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի նախագահ Վազգեն Խոդանյանը:

Ըստ ԱՄՆ Արեւմտյան ափի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ Րաֆֆի Բալյանի, «Այսօր մենք հենվում ենք երկու թևի ՝ Արցախի և Սփյուռքի վրա։ Մենք մեծ հույսեր ենք կապում այն բանի հետ, որ կկարողանանք հասնել նրան, ինչ ծրագրված է Արցախում այս օրերին, Սփյուռքի հետ համագործակցությամբ ՝ Հայրենիք-Արցախ»։

«Այս օրերին Արցախը ցանկացած օգնության կարիք ունի։ Մենք պետք է միավորվենք»,-ասաց Հարութ Սասունյանը, «Կալիֆորնիայի սուրհանդակի» հրատարակիչը։

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ արցախյան պատերազմը ո՛չ միայն հանուն հայերի է, այլև քաղաքակրթությունների համընդհանուր պայքա՛ր է ։

Նա ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունների միայն մի մասն է ներկայացվել միջազգային հանրությանը, մնացած մասը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրվել և չի ներկայացվել:

«Մենք ունենք մի կտոր Արցախ, որի վրա մենք ապրում ենք, և մենք շարունակելու ենք պայքարը մեր իրավունքների ճանաչման համար, շարունակելու ենք քաղաքական պայքարը մեր կորցրած Հայրենիքը վերականգնելու համար», - հայտարարել է Արտակ Բեգլարյանը:

Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը հրավիրում Է Արցախի պետական նախարարին

Իր հերթին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն էլ է հյուրընկալել Արցախի պետական նախարարին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի  նախաձեռնությամբ Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախին մշտապես սատարող ամերիկացի գործիչների հետ։

Նրանք ընդգծել են, որ այժմ ավելի կարևոր են համարում իրենց զորակցությունը հայտնել Արցախի ժողովրդին, վերահաստատել իրենց հարգանքը անկախ, ինքնիշխան պետություն կերտած ժողովրդի նկատմամբ:

«Խաղաղության համար կարևոր է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բարձր գնահատի Արցախի ՝ որպես հայերով բնակեցված տարածաշրջանի ճանաչումը։ Սա հատկապես կարևոր է Արցախի ժողովրդի տառապանքների ժամանակ ՝ պատերազմից և վայրագություններից հետո։ Պանդեմիկ սահմանափակումների ավարտից անմիջապես հետո առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնեմ Արցախ», - ասել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ ' Ֆարելը։

«Կարևոր է աջակցել Արցախի ժողովրդին, որն անցել է դժվարությունների միջով։ Մենք այնտեղ չենք եղել, բայց մենք կարող ենք պատկերացնել, թե ի՛նչ է տեղի ունեցել։ Մենք եկել ենք մեր աջակցությունը հայտնելու և շփվելու այնպիսի կարևոր մարդու հետ, ինչպիսին պարոն Բեգլարյանն է»,-ասել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քորեցը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները հայտարարել են, որ ընդունել են մի շարք բանաձևեր, որոնցով իրենք ցուցաբերել են ինչպե՛ս խորհրդանշական, այնպե՛ս էլ էական աջակցություն Արցախին:

Հատկանշական է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Քևին դե Լեոնը  հպարտությամբ ցուցադրել է Արցախի նախագահից ստացած մեդալը, որը նրան շնորհվել է 2014 թվականին, երբ Լոս Անջելես քաղաքը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կոչ անելով ԱՄՆ դաշնային կառավարությանը նույնն անել ։

Այս անգամ էլ Փոլ Քրեքորյանը պետական պարգև է ստացել Արցախի պետական նախարարի ձեռքից:

«Բազմաթիվ անգամներ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում մենք մեծարել ենք Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչին նրանք արժանի են որպես անկախ, ինքնիշխան պետություն ներկայացուցիչներ։ Մեզ ժամանակ առ ժամանակ քննադատում էր Ադրբեջանը, սակայն այս քաղաքը շարունակելու է հարգել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունն ու ազատությունը ։ Հատկապես հիմա՝ պատերազմից հետո, շատ կարևոր է, որ մենք պետական նախարարի ներկայությամբ իր պատվին կազմակերպած ընդունելության ժամանակ Արցախի ժողովրդին ասենք, որ Լոս Անջելես քաղաքն աջակցում է նրանց»,-հայտարարել է Փոլ Քրեքորյանը։

Ընդունելության ավարտին դեսպան Բայբուրդյանը շնորհակալագիր է հանձնել Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի (ANCA-WR) գործադիր տնօրեն Արմեն Սահակյանին ՝ երկարամյա անձնվեր ծառայության, պրոֆեսիոնալիզմի և Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև Կալիֆորնիայում նրա առաքելության ավարտի և Հայաստան տեղափոխվելու որոշման կապակցությամբ:

«Պատերազմի հետևանքով միակ անդառնալի կորուստը մարդկային կյանքերն են, մնացածը կարող է շտկվել և հիմք դառնալ մեր հետագա ամրապնդող վերափոխման համար»,- ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]