Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ներկայումս Ղազախստանի և ՀՀ-ի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ. Բոլատ Իմանբաև

Ներկայումս Ղազախստանի և ՀՀ-ի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ 
զարգանալ. Բոլատ Իմանբաև

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, հաստատվել է բարձր մակարդակի վստահելի երկխոսություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում այս մասին ասել է  Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

«Դրա վկայությունն է երկու երկրների ղեկավարների հանդիպումների ինտենսիվությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Կողմերը քննարկում եւ կարծիքներ են փոխանակում հարցերի լայն շրջանակի շուրջ: Մասնավորապես, հարկ է նշել, որ այս տարվա հունիսին տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան, որի ընթացքում արդյունավետ բանակցություններ են ընթացել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և այլոց հետ, ինչպես նաև տնտեսական գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ»,- նշել է Իմանբաևը:

Դեսպանի խոսքով`  2021 թվականի ապրիլին կայացան քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, նույն թվականի մայիսին Նուր-Սուլթան քաղաքում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

«Զարմանալի չէ, որ Ղազախստանն ու Հայաստանը, ունենալով ընդհանուր խորհրդային անցյալ և ինստիտուցիոնալ զարգացման նման ուղիներ, մասնակցում են ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին: Մասնավորապես, երկրներն ակտիվորեն փոխգործակցում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- հավելել է դեսպանը:

Իմանբաևը ընդգծել է` Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը իրենց միջազգային նախաձեռնություններին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում լայն դրական արձագանք է գտնում Ղազախստանի քաղաքականությունը ՝ ուղղված ազգամիջյան և միջկրոնական համաձայնության ամրապնդմանը, որտեղ առանձնահատուկ դեր է խաղում Ղազախստանի ժողովուրդների վեհաժողովը, որը միավորում է երկրում բնակվող բոլոր էթնիկ համայնքների ներկայացուցիչներին»,- եզրափակել է դեսպանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]