Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

«Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը՝ ամանորյա լավագույն նվեր. Օպերային թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում

«Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը՝ ամանորյա լավագույն նվեր. 
Օպերային թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաներին ամանորյա տոն նվիրելու նպատակով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բեմ կբարձրացնի մեծանուն կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (Շչելկունչիկ) բալետը: Ներկայացումը, որը նոր շունչ, դրական տրամադրություն ու վառ գույներ կբերի թատրոն, արվեստասերների դատին կհանձնվի դեկտեմբերի 23-24-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ասաց՝ բեմադրությունը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության  աջակցությամբ, թատրոնի անձնակազմի, հրավիրյալ բեմադրող բալետմաստեր, ՌԴ  արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունի ջանքերով: «Նախարարության արագ միջամտությամբ մենք կունենանք երեխաների համար նախատեսված ներկայացում, որն ամբողջ աշխարհում կար, բացի Հայաստանից: Վստահաբար այն ոչ միայն թատրոնում կներկայացվի, այլև ՀՀ մարզերում»,-շեշտեց Դուրգարյանը:

Գեորգի Կովտունը հիշեց, որ մի փոքրիկ մի անգամ հարցրել է, թե ինչո՞ւ ուրիշներն ունեն, իսկ ինքը՝ ոչ: «Այս հարցը իմ՝ այստեղ հայտնվելու ամենամեծ պատճառներից է: Կարծում եմ՝ հայ երեխաները ևս պետք է ունենան այս հեքիաթը, որը շատ պահանջված է ամբողջ աշխարհում: Այն շատ բանի մասին է խոսում. նախ և առաջ հրաշալի երաժշտությունն է, հրաշալի բովանդակությունը: Ներկայացումն արտացոլում է երեխայի կյանքի անցումային շրջանը»,-ասաց Կովտունն ու հավելեց՝ ուրախ է, որ իրեն հրավիրել են զարմանալի գեղեցիկ թատրոն, որտեղ գեղեցիկ մարդիկ են աշխատում:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է օպերային թատրոնում, ասես կախարդանք լինի, որը երեխաներին մեծ ուրախություն կբերի:  Բալետմաստերը շատ է ցանկանում, որ հայ երեխաները, թատրոն գալով,  կոնֆետ չուտեն կամ ասեն, որ ցանկանում են լքել դահլիճը, որովհետև ձանձրանում են, այլ նայեն բեմին, տարվեն գործողություններով և կրկին ցանկանան վերադառնալ թատրոն:

Գոերգի Կովտունն աշխարհի տարբեր ծայրերում բեմադրել է «Մադուկ-Ջարդուկը», սակայն Հայաստանում բեմադրած ներկայացումը բոլորովին նոր է: Ըստ նրա՝ յուրաքանչյուր թատրոն իր գույներն ունի, կառուցվածքը: «Հաճախ եմ ասում, որ Հիսուս Քրիստոսին տարբեր միջոցներով են նկարում՝ յուղաներկով, մատիտով, ածուխով և այլն, բայց դրանից նա ավելի վատը չի դառնում, այլ ավելի մեծ նշանակություն է ստանում: Այս ներկայացման մեջ փոխել եմ իմ վերաբերմունքը. ժամանակն անցնում է, մեծանում ես… Ութ կամ տասը տարի առաջ եմ վերջին անգամ «Շչելկունչիկ»-ը բեմադրել և այլ խնդիրներով: Հայաստանում զարմանալի արտիստների եմ հանդիպում, հետաքրքիր պարային խումբ է, որն ունի տաղանդավոր, ֆանտաստիկ պարողներ, որոնք կարող են աշխարհի յուրաքանչյուր թատրոն զարդարել: Նրանց պետք է չկորցնել, պահպանել»,-ընդգծեց բալետմաստերը՝ շեշտելով, որ, եթե երկրում կա օպերային թատրոն, ուրեմն տվյալ երկիրը քաղաքակիրթ է, քանի որ օպերան աշխարհի ամենաթանկ արվեստն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ Կարեն Դուրգարյանի՝ թատրոն գալով փոխվել է թատրոնի բովանդակությունը, աշխատանքի ռիթմը, անելիքները գնալով ավելացել են: Ըստ նրա՝ երբ մաեստրո Դուրգարյանը կանգնել է դիրիժորական վահանակի մոտ, նվագախումբը բոլորովին այլ կերպ է սկսել հնչել: «Մենք կարող ենք ասել, որ հաջողել ենք,  և, պատահական չէ, որ ընդամենը բանավոր քննարկմամբ որոշվեց, որ Նոր տարվա լավագույն նվերը կլինի «Շչելկունչիկ»-ի պրեմիերան: Դեռ աշխատանքներն ընթանում էին, իսկ կայանալիք ներկայացումների տոմսերը սպառվել էին: Հաճախ ենք մտածում, թե որն է  այս մեծ հետաքրքրության ֆենոմենն ու համոզվում ենք, որ վերջին շրջանում մշակույթն ունի շատ ավելի մեծ դեր, քան մենք ակնկալում ենք: Այն այսօր միայն գեղարվեստական պահանջմունք չի բավարարում, այլ ունի հսկայական թերապևտիկ դերակատարում: Մեր հասարակությունը հեքիաթի, լավատեսության, լույսի, սպասումի, տոնի կարիք ունի, և այս ներկայացումը մշակութային ու խաղացանկային քաղաքականության տեսանկյունից ավելի քան անվրեպ է»,-շեշտեց Արա Խզմալյանը:

Անդրադառնալով տոմսային քաղաքականությանը՝ փոխնախարարն ասաց, որ այն միայն տնտեսական  արդյունք չի հետապնդում: Խզմալյանի խոսքով՝ տոմս գնելը շատ ավելի կարևոր ակցիա է, քան կարող է լինել դրա տնտեսական արդյունքը, որովհետև անվճար, էժան ցանկացած բան հոգեբանորեն արժեզրկվում է: «Մշակութային արդյունքը պետք է վայել արարողություն լինի հատկապես, որ բոլոր կառույցների վրա դրված է հսկայական սոցիալական բեռ: Մենք անվճար ընդունում ենք կենսաթոշակառուներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, զինվորներին, զոհվածների ընտանիքների անդամներին, անվճար դահլիճը տրամադրում ենք տարբեր միջոցառումների համար: Վաճառվող տոմսերի քանակի հետ կապված խնդիր կա և մոտ ապագայում լինելու է ֆինանսավորման նոր համակարգ, ըստ որի՝ որքան ավելի մեծ  լինի տվյալ կառույցի արտաբյուջեն, այնքան ավելի մեծ կլինի պետական աջակցությունը»,-տեղեկացրեց Արա Խզմալյանը:

Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Շչելկունչիկը», առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում: Ներկայացման բեմադրող բալետմայստեր Գեորգի Կովտունն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունևը, ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]