Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Պարսից ծոց-Սև ծով երթուղու գործարկումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը. Փաշինյան

Պարսից ծոց-Սև ծով երթուղու գործարկումը կարող է զարկ տալ տարածաշրջանային 
համագործակցությանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում:

«Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Պարսից ծոց- Սև ծով երթուղու առումով երկու նախագիծ կա. ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: «Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,- նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող են համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: «Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձել է որոշ փորձագետներ կարծիքներին, թեերկաթուղային հաղորդակցության բացումը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար: «Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,- ասել է Փաշինյանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]