Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Մենք պետք է բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը».  խնդրի լուծումը հրատապ ու անհետաձգելի է

Մենք պետք է բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը».  խնդրի 
լուծումը հրատապ ու անհետաձգելի է

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ

- Պարո՛ն Օրդուխանյան, ռազմական հակամարտությունից զատ գոյություն ունի հոգեբանական առճակատում: Ըստ Ձեզ` ի՞նչ մեթոդով պետք է դիմակայել նման պայքարում:

- Հակամարտությունները լինում են բազմաշերտ, և դրանց շերտերը փոխլրացնող բնույթ ունեն: Եթե որևէ պետության նկատմամբ իրականացվում է տոտալ պատերազմ, ապա դա ենթադրում է ռազմականին զուգահեռ նաև տեղեկատվական և հոգեբանական պատերազմ: Ըստ էության, Արցախի և Հայաստանի հանդեպ պատերազմական դրսևորումները տարբեր ինտենսիվությամբ իրենց մեջ բովանդակել և բովանդակում են նաև հոգեբանական բախման տարրեր: Դրանց դիմակայելու համար անհրաժեշտաբար հարկավոր է, նախ և առաջ, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վերականգնում և ոգեղենության բարձրացում, ինչն ուղղակիորեն դրական կանդրադառնա նաև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ուստի, կարծում եմ, մեր հոգեբանները թե՛ զինված ուժերում, թե՛ հասարակության մեջ բազմաձևաչափ աշխատանք ունեն կատարելու: Գերեվարման դեպքերը, որոնք մասամբ նաև ուղեկցվել են զինված բանակայինների անձնատրությամբ, զենքը վայր դնելով և հանձնվելով, ըստ էության, նաև բարոյահոգեբանական վիճակի հետևանք են՝ որպես տեղեկատվական պատերազմի դրսևորում, երբ թե՛ ներսում, թե՛ արտաքին տարբեր աղբյուրներ հետևողականորեն տարածում են բանակին, ժողովրդին վհատեցնող, թուլացնող տրամադրություններ: Ինչևէ, միակ մեթոդը, որով կարելի է պայքարել հոգեբանական առճակատման դեմ, տեղեկատվության զտումն է, տեղեկատվական հակազդումը և վհատեցնող տրամադրություններ չսպառելու նպատակով հասարակության պատրաստումը:

- Իսկ մենք օգտվո՞ւմ ենք վերոնշյալ ձևերից թշնամիների դեմ պայքարում:

- Ցավո՛ք սրտի, ես չեմ տեսնում այս խիստ կարևոր մարտահրավերին դիմագրավելու նպատակով տրամաբանված, համակարգված և կազմակերպված կուռ մոտեցում: Խոշոր հաշվով, այդ մարտահրավերին դիմակայությունը որոշ անհատների ջանքերով է միայն սահմանափակվում: Իսկ դրա արդյունքը շոշափելի չէ, քանի որ հասարակության ընդհանուր մեդիագրագիտության մակարդակը դեռևս ցածր է: Հասարակությունն ավելի շատ հակված է սպառելու «հեշտ մարսվող» տեղեկատվություն և հազվադեպ է համադրում մի քանի աղբյուրներից միևնույն երևույթի մասին ստացված տեղեկությունները, որպեսզի կարողանա հիմնավոր դատողություններ անել՝ որպես հետևություն: Սա նշանակում է, որ մենք իսկապես դեռ մեծ անելիք ունենք այս խնդիրը լուծելու առումով: Սակայն հարկ է նկատել, որ վերջին շրջանում՝ մասնավորապես պատերազմից հետո, պետական մակարդակով մեդիագրագիտությանն սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել, ինչը ողջունելի է, բայց դեռևս ոչ բավարար: Դրա ծավալները պետք է մեծացնել:

- Հոգեբանական գրոհները կատարվում են հիմնականում տեղեկատվական «պատերազմների» միջոցով: Ըստ Ձեզ` ի՞նչ անելիքներ ունենք այս ոլորտում:

- Տեղեկատվական պատերազմի նպատակը ճնշիչ, վհատեցնող, անգործության մատնող հոգեբանական ազդեցություններ թողնելն է: Այս պարագայում հարկ է նկատել, որ օրինակ՝ թշնամական բնույթի ադրբեջանական (և ոչ միայն) տեղեկությունները թե՛ պատերազմի օրերին, թե՛ նույնիսկ այսօր շատ արագ են տարածվում մեր վիրտուալ տիրույթում, իսկ դա արդեն մեր դեմ տեղեկատվական պատերազմում նրանց առավելության մասին է խոսում: Այս տիրույթում առավելություն ստանալը խիստ վտանգավոր է, քանի որ այդ տեղեկությունների ազդեցության ներքո մարդկանց մի մասի մոտ ձևավորվում է որոշակի գիտակցություն, ինչը նաև վերածվում է որոշակի վարքագծի՝ հանգեցնելով հասարակության շրջանում պերմանենտ անկայունության վիճակի, ինչպես նաև առաջացնելով մշտական կասկածներ, վախեր և ձևավորելով անվստահության մթնոլորտ ու փոխադարձ թշնամանք հենց հասարակության ներսում: Դրանցից խուսափելու համար էլ շատերը նախընտրում են երկրից հեռանալ՝ արտագաղթել: Խոշոր հաշվով՝ հասարակությունը դառնում է թշնամական քարոզչության ուղիղ սպառողը: Այս սպառնալիքները չեզոքացնելու համար աներկբա է, որ մենք կարիք ունենք շատ արագ կազմակերպելու և համակարգելու տեղեկատվական պատերազմներին ոչ միայն հակազդելու, այլև տեղեկատվական պատերազմ մղելու հմտությունների ձևավորման գործընթացը թե՛ հայեցակարգային, թե՛ կիրառական ոլորտներում: Իրավիճակը թելադրում է, որ կրթության տարբեր մակարդակներում՝ սկսած հանրակրթությունից, մեդիագրագիտության և տեղեկատվական հակազդեցության դասընթացներ կազմակերպվեն: Մենք պետք է սովորենք տեղեկատվության հետ վարվելականոնները, բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը»: Տեղեկատվությունը նույնպես պրոդուկտ է, որը պետք է գործածել իմանալ: Պետք է սովորել չսպառել «տեղեկատվական աղբը», որն ուղիղ իմաստով վնասակար է մեր առողջությանը: Ուստի, թե՛ պետական, թե՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով այս խնդրի լուծումը պետք է դառնա հրատապ և անհետաձգելի:

Հարցազրույցը` Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]