Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…». իսկ մենք արժանի՞ ենք աշակերտ կոչվելու

«Ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…». իսկ մենք արժանի՞ 
ենք աշակերտ կոչվելու

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մաթևոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մաթևոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մաթևոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա…»:

 

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

 

Եվ նա եկավ ու իր գրչով շռայլորեն ընդարձակեց մեր բառուբանի, մեր գրական մտքի, մեր ազգային մտածողության սեղմված տարածքը, ճեղքեց այն շղթան, որ ծանրացել էր մեր ոգեղեն ցոլացումների չարենցյան բոցավառ հորիզոններին, փշրեց այն կաղապարները, որոնք հունցված էին կարմիրով աշխարհից սահմանազատված երկրի արճճե գաղափարախոսությամբ: Նա՝ մեծն Հրանտ Մաթևոսյանը՝ մեր ժամանակների հանճարը, գրողը, մեր ազգային ոգու վերծանողներից մեկն ու ծանրումեծ իմաստասերը: Նաև Ուսուցիչը, եթե արժանի ենք աշակերտ կոչվելու:

Ապրեց 67 տարի և 2002 թ. դեկտեմբերի 19-ին հեռացավ՝ վաստակած լինելով անմահության դափնեկրի իր իրավունքը: Օրվա առիթով նրա մասին չենք զորի ասել ավելին, քան ասված է սարոյանական գրչով: Ուստի գերադասելի համարեցինք խոսքը տալ իրեն՝ գրական իր վաստակով «օտարին միտքին մեջ» հարազատ իր ազգին մեծացրած Հրանտ Մաթևոսյանին. մտորումներ ազգի ճակատագրի, անցած ու անցնելիք ճանապարհի, մեր արած-չարածների, մարտահրավերների մասին: Պատառիկներ գրական տարբեր գործերից, զրույցներից, աֆորիզմներ, թևավոր խոսքեր: Մի խոսքով՝ մնում է կարողանանք աշակերտել մեծանուն Հային և օ՜ղ անել ականջներիս…

«Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած՝ մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե անկախ պետությունների անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին… Շա՛տ անպատասխանատու ենք…»:

«Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորան-գնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

«…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու. Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:

«Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին, ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես հնարավոր է պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

«…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո: Երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումից հետո: Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»:

«Լա՜վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՜կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չե՜ս, մեջդ վրեժ  չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել, ասում է, չարությունից պայթում էր, որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում-իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է,-իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր,-բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ.-երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…»:

«Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ ԳՐՈՂ: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել…»:

«Ինչու եմ գրո՞ւմ, որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե՝ այո, բայց ավելի շուտ գրում եմ այն պատճառով, որ նրանք ա՛յն չեն գրել ու այնպես չե՛ն գրել: Սա պատասխա՞ն է…»:

«Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական. Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ…»:

«Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը. դրանք մի ամբողջ երջանկություն են…»:

«Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…»:

«Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում ու չեն մեռնում…»:

«Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին: Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը…»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]