Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Թուրքիան ահաբեկիչների աղբյուր և տրանզիտ երկիր է հանդիսացել

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Թուրքիան ահաբեկիչների աղբյուր և 
տրանզիտ երկիր է հանդիսացել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ահաբեկչության մասին զեկույցը, որում ի թիվս տարբեր երկրների վերաբերյալ գնահատականների, Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են տեղ գտել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը։

Զեկույցում ասվում է, որ Թուրքիան Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչների  աղբյուր և տարանցիկ երկիր է հանդիսացել։

«Թուրքիան աղբյուր և տարանցիկ երկիր է օտարերկրյա ահաբեկիչների համար, ովքեր ցանկանում են լքել Սիրիան և Իրաքը, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ ԴԱԻՇ-ին և Սիրիայում և Իրաքում կռվող այլ ահաբեկչական կազմակերպություններին»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է, նաև որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը 2020 թվականի ընթացքում շարունակել է քաղաքական ձերբակալություններն ու արտաքսումները և այդ ամենը որակվել է որպես «լայն ահաբեկչություն»։

«2020 թվականին Թուրքիայում շարունակվել են քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու արտաքսումները։ Ձերբակալված անձանց թվում կան քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և փաստաբաններ, որոնք մեղադրվում են PKK-ին աջակցելու կամ օգնություն ցուցաբերելու մեջ։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո կառավարությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը հռչակել է որպես «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն (FETÖ)»։ Թուրքական կառավարությունը շարունակել է ձերբակալել և հետապնդել Թուրքիայում բնակվող օտարերկրյա և իր քաղաքացիներին, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների տեղացի աշխատակիցներին, հաճախ անբավարար ապացույցների հիման վրա և նվազագույն պատշաճ ընթացակարգերով՝ FETO-ի կամ ահաբեկչության հետ կապված ենթադրյալ կապերի համար: Կառավարությունը նույն կերպ շարունակել է աշխատանքից ազատել զինվորական, անվտանգության և քաղաքացիական մարմիններում ծառայող աշխատակիցներին և քաղաքացիական ծառայողներին ամբողջ 2020 թվականի ընթացքում»,- ասվում է զեկույցում։

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]