1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված 
գտածոների ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։

Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է ներկաներին և կարևորել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը, ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի՝ պեղումների ֆինանսավորման շարունակականության ապահովումը, որն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Փոխնախարարը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել  ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի վարչական տարածքում գտնվող ‹‹Գետահովիտ-2›› քարայր-բնակատեղիի հնագիտական ուսումնասիրություններին աջակցելու, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։

Ցուցադրությունից հետո գործարանի տնօրինությունը շրջայց է կազմակերպել գինու և կոնյակի արտադրամասեր, հնեցման սրահներ, ներկայացվել է գործարանի պատմությունը։

Տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պեղումների ֆինանսավորումը և խորացնելու համագործակցությունը պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության ոլորտում։

«Գետահովիտ-2» քարայրը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև։ Հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականից և շարունակվում են մինչ օրս։ Տարբեր տարիներին հնագետների կողմից հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա նշյալ քարայրը (13*8 մ) որակավորվել է՝ որպես բնակավայր՝ թվագրվելով տարբեր մշակութային շերտերով՝ վերին պալեոլիթյան (Քա 24-18–րդ հազարամյակներ), պղնձեքարեդարյան (էնեոլիթյան, Ք ա. 5-րդ հազարամյակ), միջնադարյան (9-13-րդ դդ.)։ Հատկապես հետաքրքիր են ընտելացրած ձիու՝ քարայրից հայտնաբերված ոսկորների գտածոները, որոնք ուսումնասիրության և հաստատման փուլում են։   

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]