Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Հայաստանը ցույց տվեց իր ուժեղ դիմադրողականությունը. պրոֆեսոր Թամարա Գուզենկովայի դասախոսությունը ԵՊՀ-ում

Հայաստանը ցույց տվեց իր ուժեղ դիմադրողականությունը. պրոֆեսոր Թամարա 
Գուզենկովայի դասախոսությունը ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի տնտեսական ցուցանիշների ամփոփագիրը և 2022 թվականի կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստան պետությունը և հայ հասարակությունը, չնայած ծայրաստիճան անբարենպաստ պայմաններին, արտաքին սպառնալիքներին և ներքին խնդիրներին, ունի շատ ուժեղ ու կայուն դիմադրողականություն և ունակ է համախմբվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Երևանի պետական համալսարանում ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան՝ կարդալով «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով իր դասախոսությունը:

«Եվրասիական զարգացման բանկի տվյալների վերլուծությունը ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ տրված եզրահանգումների՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի մյուս մասնակից պետությունների համեմատությամբ վատ դիրք չի զբաղեցնում իր ցուցանիշներով և նկատելի տնտեսական աճի միտումներ է ցույց տալիս, այլ խոսքերով՝ կայուն կերպով ցույց է տալիս դրական արդյունքներ: Դա ցույց է տալիս, որ երկիրն ու հասարակությունը, չնայած ծայրաստիճան անբարենպաստ արտաքին ու ներքին խնդիրներին, շատ կայուն դիմադրողականություն ունի, ցույց է տալիս, որ հասարակությունը կարող է համախմբվել, ադապտացվել այդ պայմաններին և աճի ու զարգացման կամք դրսևորել: Հայաստանը ՀՆԱ-ի 4,8 % աճ է գրանցել: Դա հրաշալի ցուցանիշ է: Իսկ սոցիալական ցուցանիշները Հայաստանում կանխատեսվում են 4,8 %-ի չափով: Դա շատ լավ ցուցանիշ է: Իհարկե, Հայաստանի տնտեսությունը փոքր է, բայց, այդուհանդերձ, այդ տնտեսության համար ցուցանիշները վատը չեն», - ընդգծեց Թամարա Գուզենկովան:

Պրոֆեսորի խոսքով՝ Հայաստանը իր ուրույն տեղն է զբաղեցնում ինչպես ԱՊՀ տարածությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, քանի որ իր առանձնահատուկ առաքելությունն ունի:

«Այդ առաքելությունը, ըստ իս, կայանում է նրանում, որ Հայաստանը պատմականորեն հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, ցանկացած Ռուսաստանի՝ անկախ նրա վարչակարգից և պատմական դրությունից՝ կլինի Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, թե հետխորհրդային Ռուսաստանը», - կարծում է Թամարա Գուզենկովան:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսորը հույս ունի, որ ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ մյուս երկրներում թափ հավաքող թվային տնտեսությունը և այսպես ասած՝ ստեղծարար խավը կավելացնեն երկրի ներուժը և կօգնեն այդ թվում գոյություն ունեցող ռազմաքաղաքական սուր խնդիրների լուծմանը տնտեսական և դիվանագիտական հարթություններում:

«Ես մեծ հույսեր ունեմ, որ նաև այս լսարանում նստած երիտասարդները իրենց ներդրումը կունենան Հայաստանի բարգավաճման գործում՝ երկրի, առանց որի աշխարհը անհնար է պատկերացնել», - շեշտեց Թամարա Գուզենկովան:

Անդրադառնալով 2014 թվականին հիմնված Եվրասիական տնտեսական միության գործունեության յոթ տարիներին՝ քաղաքագետը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն բացառապես տնտեսական փոխգործակցության հարթակ է, քանի որ միավորման մասնակիցները կտրականապես հրաժարվել են ինտեգրացիոն գործընթացներում քաղաքական բաղադրիչ ներառելուց: Այդ պատճառով Եվրասիական տնտեսական միությունը կառուցվել է տնտեսական փոխգործակցության սկզբունքի հիման վրա:

Քաղաքագետի խոսքով՝ եվրասիական ինտեգրացիոն միավորումը ձևավորվում է միջազգային կոշտ մրցակցության պայմաններում:

ԵԱՏՄ-ն, ըստ նրա, սկզբունքային տարբերություններ ունի արևմտյան ինտեգրացիոն նախագծերի և մասնավորապես Եվրոպական միության հետ համեմատ: Եթե Եվրոպական միությունում երկրների ինտեգրումը հիմնված է կոնսենսուսի՝ փոխհամաձայնության սկզբունքի վրա, այլ խոսքերով՝ վերազգային կառույցը ստիպում է անդամ պետություններին «խաղալ» համընդհանուր կանոններով, ապա հետխորհրդային տարածությունում՝ ԱՊՀ տարածքում, ինտեգրացիոն գործընթացների բոլորովին այլ սկզբունքներ և մոտեցումներ են գործում: Օրինակ, ԱՊՀ-ի շրջանակներում հսկայական թվով պայմանագրեր, համաձայնագրեր ու այլ փաստաթղթեր են ստորագրվել ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ, որոնք, սակայն, պարտադիր բնույթ չունեն:

«Այդ պատճառով ԱՊՀ-ում իր ուրույն սկզբունքն է ձևավորվել՝ միավորվել այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր է միավորվել: Այդ տրամաբանությունից ելնելով՝ նախ ի հայտ եկավ «ԵվրԱզԷս»-ը, հետո փորձ արվեց ստեղծելու Մաքսային միություն: 2000-ական թթ. սկզբում միասնական տնտեսական գոտի ձևավորելու փորձ արվեց ե՛ւ ԱՊՀ-ում, ե՛ւ Եվրամիությունում այժմ գործող ազատ առևտրի գոտու համանմանությամբ: Եվ որպես վերջին՝ ավելի կատարյալ, ավելի մշակված համակարգ հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունը, որի մասին պայմանագիրը ստորագրվեց 2014 թվականին, իսկ ուժի մեջ մտավ 2015 թվականին», - հավելեց Թամարա Գուզենկովան:

Թամարա Գուզենկովայի հետ հանդիպումը կազմակերպել էին ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]