Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Վրաստանը չի մասնակցելու

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Վրաստանը չի մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից լրագրողներին հայտնած տեղեկությունը:

«Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի առաջին հանդիպմանը, որին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի գլխավորությամբ», - հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Ըստ թուրքական գերատեսչության՝ տարածաշրջանային համագործակցության այդ հարթակի առաջարկը արել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ առաջարկված նախաձեռնության՝ տարածաշրջանային համագործակցության հարթակին պիտի մասնակցեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և արտատարածաշրջանային երեք երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Սակայն Վրաստանը նախապես հայտարարել է, որ չի միանալու «3+3» հարթակի նախաձեռնությանը: Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է, որ Թբիլիսին չի ծրագրում մասնակցել «3+3» համագործակցության հարթակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հայտնել էր, որ առաջիկա օրերին «3+3» կամ «3+2» ձևաչափի նախնական նիստն է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Վարչապետի խոսքով՝ այդ նախահանդիպմանը քննարկվելու են հարթակի հետագա անելիքները: Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել «3+3» բանակցային ձևաչափով, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]