Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Թագուհի Ղազարյանը:

«ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները նախատեսում են պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում: Եվ այն պարագայում, երբ տեղեկատվությունը, որը փոխանցել են լրատվամիջոցները, ապօրինի խոսք կպարունակի, այդ պատասխանատվությունը կկրի լրատվամիջոցը»,-ասաց Ղազարյանը:

Օրենքում առաջարկվում է ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: Թագուհի Ղազարյանը հիշեցրեց, որ նախագիծը անանունության մասին չէ, նաև խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, այլ պարզապես նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարվում են անանուն աղբյուրներին: «Գործող կարգավորմամբ, երբ լրատվամիջոցն անուն աղբյուրին է հղում տալիս, օրինակ, նշում՝ օդում տարածված լուրերի համաձայն և այլն, և այդ խոսքը պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք, և ԶԼՄ-ն չի ցանկանում բացահայտել իր աղբյուրը, ապա կրում է պատասխանատվություն: Հիմա այս կարգավորումներով մենք անանուն աղբյուրները հավասարեցնում ենք նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին»,-ասաց պատգամավորը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հիշեցրեց՝ «ֆեյք նյուզ» տարածելն ամբողջ աշխարհում անընդունել է, և ՀՀ օրենսդրությունը չպետք է թույլ տա տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, զրպարտություն և ասել՝ քանի որ դա անանուն աղբյուր է, ապա ինքն ազատվում է պատասխանատվությունից: «Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտ է՝ եթե ուզում ես պահպանել քո աղբյուրի գաղտնիությունը, ուրեմն պատրաստ եղիր ինքդ օրենքի առաջ պատասխանատվություն տալու: Եթե չես ուզում պատասխանատվության ենթարկվել զրպարտության համար, ապա գոնե հղում կատարիր այնպիսի աղբյուրի, որը կարող է նույնականացվել»,-ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ խոսքի ազատության սահմանափակման ցանկացած մեջբերում կամ չիմացության հետևանք է, կամ շահարկում: Նախարարը հավատացած է, որ նախագծին ծանոթացող լրագրողները չեն ունենա որևէ մտահոգություն:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ընդունեց, որ խոսքի ազատությունը կարգավորման ենթակա է, սակայն շեշտեց. «ԶԼՄ-ները պետք է վայելեն ազատության շատ ավելի բարձր աստիճան: Կարող է լինել իրավիճակ, երբ սկզբից նյութը դիտարկվի որպես առերևույթ զրպարտություն կամ վիրավորանք, բայց հետո պարզվի, որ դա ճշմարիտ է: Ես նուրբ գիծը մենք սահմանափակվում ենք այս կարգավորմամբ»:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]