Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշը

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված 
նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Հայփոստ»-ը մարեցին և շրջանառության մեջ դրեցին 2020 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

Մարումն իրականացրին «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մարում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը նվիրված հինգերորդ նամականիշը: Շատ ուրախ ենք այս տարի Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը թողարկելու առթիվ: Հինգ տարի շարունակ «Հայփոստը» նամականիշեր է թողարկում՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին և շարունակում նրանց մեծարելու ավանդույթը՝ վերջիններիս աշխարհին ներկայացնելով Հայաստանի միջազգային նամականիշերի միջոցով: «Հայփոստը» հանձնառու է աջակցելու համաշխարհային մարդասիրական շարժմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը»,- նշեց Հայկ Կարապետյանը:

Նիկոլա Ստանիշն էլ շեշտեց, որ շատ կցանկանային՝ դափնեկիրները Հայաստանում լինեին, սակայն համավարակը, որը, կարծես թե, վերջնականապես չի նահանջում, խանգարում է:

«Հոկտեմբերին Վենետիկում կարողացանք Ֆարթունին հանդիպել ու նրան հանձնել «Ավրորայի» արձանիկը: Ֆարթունին հաջողվել է սկսել հումանիտար ծրագրեր Կոնգոյում և Սոմալիում»,- շեշտեց Ստանիշը:

Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ աշխարհում քիչ ազգեր կան, որոնք համամարդկային բնույթի մրցանակներ ունեն: «Մեր երկիրը, մեր ժողովուրդը նման միջոցառումներով աշխարհին ասում է, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, որ գնահատում ենք մարդասիրական արժեքները: Սա շատ կարևոր ուղերձ է»,-ասաց նա:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ»-ը կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Նամականիշի վրա պատկերված են «Ավրորա» մրցանակի հինգերորդ դափնեկիրներ, սոմալացի  իրավապաշտպաններ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, որոնք ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը՝ հիմնված ի հիշատակ Ֆարթունի ամուսնու և Իլվադի հոր՝ խաղաղության ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի, որը սպանվել է 1996 թվականին: Միասին նրանք պայքարում են կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման և զարգացման համար: Նրանք ճանաչման են հասել իրենց խիզախության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար:

Թողարկման օրը՝ 09 դեկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Ալլա Մինգալյովայի

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 50, 0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 15 000 օրինակ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]