Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ 
Թանիի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նշվում է, որ բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև Հայաստանի նախագահի հետ իր ջերմ հարաբերությունները։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ, և այդ համատեքստում Կատարը մեր երկրի կարևոր գործընկերներից է:

Հայաստանի նախագահը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նրանք անդրադարձել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով, և ընդգծել դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, և նշել, որ Կատարը ևս կարող է կարևոր գործընկեր լինել այս ծրագրում:

Նշելով, որ տարբեր ոլորտներում Հայաստանն ունի ներդրումային մեծ հնարավորություններ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»:

Հանդիպմանը խոսվել է նաև «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում համագործակցության մասին:

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]