Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն չընդունեց անձին հայհոյելն ապաքրեականացնելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն չընդունեց անձին հայհոյելն ապաքրեականացնելու օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 28 «կողմ», 57 «դեմ» ձայներ:

Նախորդ գումարման ԱԺ-ում իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ Քրեական օրենսգիրքը լրացվել էր 137.1 հոդվածով, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքից հանել այդ հոդվածը՝ այսպիսով, ապաքրեականացնելով հայհոյանքը:

Քվեարկությունից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: «Խոսքի ազատությունը և հայհոյանքի ազատությունն իրար հետ ոչ մի աղերս չունեն: Հայհոյանքը և բռնության խոսքն ու մշակույթը հավասարապես անընդունելի են՝ անկախ նրանից, թե ում դեմ են ուղղված՝ ընդդիմության, թե իշխանության»,- ասաց Կոնջորյանը՝ վերահաստատելով իշխանության հանձնառությունը ՀՀ-ում ստեղծելու քաղաքական և հանրային այնպիսի մշակույթ, որտեղ առողջ դիսկուրսը գերակայելու է, և հայհոյանքի ազատությունը չի լինելու մշակույթի մաս:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ գովելի համարեց բռնության, ատելության վերացման կոչը, սակայն, կարծիք հայտնեց, թե իշխանությունն այդ վարքագծին չի հետևում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]