1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սալոն 2021» ցուցահանդեսում ներկայացվեցին Հայաստանի նկարիչների միության անդամների բազմաբնույթ գործեր

«Սալոն 2021» ցուցահանդեսում ներկայացվեցին Հայաստանի նկարիչների միության անդամների բազմաբնույթ գործեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սալոն 2021» ցուցահանդեսում շրջելով՝ արվեստասերները կարող են տեսնել Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան 150 աշխատանք՝ քանդակներ, կտավներ, գրաֆիկական գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը գործում է Նկարիչների միության երկու ցուցասրահում, բացվեց Նկարիչների միջազգային օրը՝ դեկտեմբերի 8-ին:

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ներկայացված են տարբեր շրջաններում ստեղծված գործեր: «Ինձ համար շատ  ուրախալի է, որ ցուցահանդեսը բացվեց Նկարիչների միջազգային օրը: Շնորհավորում եմ նրանց, մաղթում, որ  հնարավորինս անհոգ լինեն, ստեղծագործեն, ներկայանան թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի տարբեր հեղինակավոր մշակութային օջախներում»,-նշում է Սաֆարյանը:

Միության նախագահը 2021-ի կարևոր իրադարձություններից է համարում միության «Արվեստանոց» պարբերականի լույս ընծայումն ու հիշեցնում, որ երկու համար արդեն հրատարակվել է, այժմ աշխատում են երրորդի վրա: Հաջորդ տարի նախատեսում են մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ կազմակերպել, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում էլ հանդես կգան Ռուսաստանում:

Նկարիչ Տիգրան Ասատրյանը «Սալոն 2021»-ում ներկայացրել է «Սատիրը և Նիմֆան» կտավը, որին յուրովի է մոտեցել: «Հերոսները կտավում ծերացել են, բայց իրենց չեն կորցրել: Այս գործը նկարել եմ մի քանի տարի առաջ և չեմ կապում մեր իրականության հետ: Ազատ եմ մոտենում թեմաներին: Մեր երկրում, աշխարհում կատարվող իրադարձությունները արվեստ բերելը առաջնահերթություն չեմ համարում, նկարում եմ այն, ինչը պատկերացնում ու զգում եմ»,-խոստովանում է Ասատրյանն ու ընդգծում, որ ցուցահանդեսով փորձել են վառ գույներ մտցնել իրականություն:

Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի «Աթոռ Շագալ», «Աթոռ Դալի» բրոնզաձույլ քանդակները նվիրված են մեծ հեղինակներին: Պատմում է, որ «Աթոռ» քանդակների իր շարքը բազմազան է և տարբեր թեմաներ է շոշափում: «Աթոռը ինձ դուր է գալիս, քանի որ այն ֆոն է ստեղծում, ասես թատրոնի վարագույր լինի կամ երկրորդ պատ, որի վրա հնարավոր է ինչ-որ բան տեղադրել»,-նշում է քանդակագործը: Ասում է, որ Վան Գոգին նվիրված քանդակ ևս ունի, չի բացառում, որ հետագայում նաև հայ մեծանուն նկարիչներին նվիրված շարք ծնվի:

Ցուցահանդեսին Հայաստանի նկարիչների միության գործընկերները, դիտելով ներկայացված աշխատանքները, նվերներ հանձնեցին մի խումբ ստեղծագործողների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]