Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների ընթացքը քննարկել է Նորվեգիայի դեսպանի  հետ

Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների ընթացքը քննարկել է 
Նորվեգիայի դեսպանի  հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին:

«Նախարարն ընդգծել է՝ բարեփոխումներն իրականացվում են շահագրգիռ բոլոր մարմինների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։

Հելեն Սանդ Անդրեսենը կարևորել է բարեփոխումների իրականացման քաղաքական կամքը՝ որպես դրանց իրականացման համար անհրաժեշտ մեկնարկային կետ, և ողջունել նախարարության և քաղացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպանը նշել է, որ Նորվեգիան ևս անմասն չի մնում Արդարադատության ոլորտի բարեփոխումներից, որին ակտիվ մասնակցում է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

Նշվում է որ հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է արբիտրաժային կենտրոն ստեղծելու նախարարության հանձնառությունը և ընդգծել ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ դեսպանը հետաքրքրվել է նաև լայնածավալ դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքից, մասնավորապես դատավորների զտմանն ուղղված կառավարության քաղաքականությամբ, որին ի պատասխան նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու իրավասության մանրամասները, ներկայացնելով նաև միջազգային կառույցների դիրքորոշումը այս հարցի շուրջ։

Այնուհետ դեսպանը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման փաստը, ինչպես նաև հետաքրքրվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացով։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը արդարադատության ոլորտում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]