Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փորձարկող հերոս օդաչուն. կյանքից հեռացել է Գուրգեն Կարապետյանը

Փորձարկող հերոս օդաչուն. կյանքից հեռացել է Գուրգեն Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել Է Միխայիլ Միլի անվան կոնստրուկտորական բյուրոյի փորձարկիչ օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը:

Գուրգեն Կարապետյանը Լենինի շքանշանի կրկնակի , Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշանների ասպետ է, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու և Խորհրդային Միության հերոս։

Գուրգեն Կարապետյանը ծնվել  1936 թվականի դեկտեմբերի 9-ին Սվերդլովսկում (ներկայումս՝  Եկատերինբուրգ)։ Սովորաբար տղա երեխաների մասին ասում են, որ նա մանկուց է երազել օդաչու դառնալ։Այդ խոսքերն այնքան են կրկնվել, որ, կարծես,  արժեզրկվել են։ Բայց Գուրգեն Կարապետյանի պարագայում դա իրոք այդպես էլ եղել է։ Ես չգիտեմ, թե  տղան ո՞ր տարիքում է որոշել օդաչու դառնալ։ Բայց նաև փաստ է,  որ դեռևս տասներորդ դասարանում սովորելիս ՊՕ-2 ինքնաթիռով նա իր առաջին թռիչքն է գործել։ Եվ դա տեղի է ունեցել Սվերդլովսկի աէրոակումբում, երբ տղան նոր էր բոլորել իր 17 տարին։   Հասկանալի է, որ դպրոցն ավարտելու տարում բարձրագույն ուսումնական հաստատության ընտրության հարց չի ծագել։ Գուրգենն արդեն որոշել էր, թե որտեղ է շարունակելու  ուսումնառությունը։ Դա  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն էր, այո՝ հռչակավոր  ՄԱԻ-ն։  Պատանին որոշել էր դառնալ ավիակոնստրուկտոր։ Ընդունվում է ինքնաթիռաշինության ֆակուլտետի ուղղաթիռաշինության բաժին։

Ինստիտուտում սովորելու տարիներին նա շարունակում է հաճախել աէրոակումբ, որտեղ նախ յուրացնում է ճախրասավառնակը ( պլաները), ապա նաև՝ ուղղաթիռը։ Հենց ուղղաթիռով թռչելիս նա հրապուրվում է ուղղաթիռային սպորտով և հասնում է բավականին մեծ հաջողության։ 1959 թվականին նա Խորհրդային Միության  ուղղաթիռային սպորտի առաջնությունում գրավում է երրորդ տեղը և արժանանում է բրոնզե մեդալի, իսկ հաջորդ տարի դառնում է երկրի չեմպիոն և պսակվում է ոսկե մեդալով։

1961 թվականին Գուրգեն Կարապետյանն ավարտում է ինստիտուտը և գործուղվում է Միխայիլ Միլի անվան հատուկ կոնստրուկտորական բյուրո՝ որպես թռիչքա-փորձարարական ծառայության առաջատար ինժեներ։ Կոնստրուկտորական այդ բյուրոն ուներ իր գործարանը։ Մեկ տարին էլ չանցած երիտասարդ մասնագետին գործուղում են Միխայիլ Գրոմովի անվան թռիչքա-հետազոտական ինստիտուտ՝ որպես  փորձարկող օդաչու վերապատրաստվելու։ Եվ այստեղ նա լիովին դրսևորում է  բնավորության այն գծերը, որ անհրաժեշտ  են փորձարկող օդաչու դառնալու համար՝ համարձակության, սառնասրտություն,  ճիշտ կողմնորոշվելու, վայրկենապես ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն։

Որպես իր «աշխատանքային հիմնական գործիք» ընտրելով ուղղաթիռը, Գուրգեն Կարապետյանը չի մոռանում նաև պլաները։ Նա անգամ ռեկորդ է սահմանել այդ սպորտաձևում՝  ԿԱԻ-12 պլաներով օդում ճախրելով 6 ժամ 49 րոպե։  Մենք երևի բաց թողնենք Գուրգեն Կարապետյանի աշխատանքային սանդղակով բարձրունքների հասնելու մանրամասները, պարզապես անդրադառնանք նրա՝ որպես փորձարկող օդաչուի բնութագրմանը։ Որպես  առաջատար փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը մասնակցել է ՄԻ-2  թեթև ուղղաթիռի, ՄԻ-10Կ ուղղաթիռ- ամբարձիչի, հակասուզանավային ՄԻ-14 ուղղաթիռ-ամֆիբիայի, մարտական ՄԻ-24 ուղղաթիռի, տրանսպորտային ծանր ՄԻ-26 ուղղաթիռի, մարտական հարվածային ՄԻ-28 ուղղաթիռի փորձնական  նմուշների գործարանային և պետական փորձարկումներին։

Նրա կյանքում քիչ չեն եղել դեպքերը, երբ օդաչուի կյանքը և փորձարկվող նմուշը վտանգված էին։ Միայն բարձր պրոֆեսիոնալիզմի և րոպեապես կողմնորոշվելու հմտության շնորհիվ Գուրգեն Կարապետյանին հաջողվել է փրկել  թե՜ իր կյանքը, թե՜ թանկարժեք փորձանմուշը։ Այսպես, ՄԻ-24 ուղղաթիռի փորձարկման ժամանակ, առաջին անգամ Խորհրդային Միությունում, ուղղաթիռը դառնում է անկառավարելի և սկսում է պտտվել։ Ավիացիայում դա կոչվում է «ուղղաթիռային շտոպոր»։ Փորձառու օդաչուն իրեն չի կորցնում։ Նա կատարում է 7 պտույտ և… ուղղաթիռը դուրս բերում «շտոպորից»։

Սեր հայրենակիցը քանիցս ծայրահեղ և բոլոր շարժիչներն անջատած վիճակում, ավիացիոն լեզվով  ասած՝ ավտոռոտացիայի պայմաններում փորձարկել է

ՄԻ-1, ՄԻ-2, ՄԻ-4,  ՄԻ-6, ՄԻ-8, ՄԻ-14,  ՄԻ-24, ՄԻ-26 և ՄԻ-28 ուղղաթիռները,  տարբեր ծանրություն ունեցող այդ  թռչող ապարատները նստեցնելով  բոլոր շարժիչներն անջատած։

1974 թվականին Գուրգեն Կարապետյանը կատարում է մի գործողություն, որը նրանից հետո ոչ ոք չի կրկնել՝ ոչ ԽՍՀՄ-ում, ոչ Ռուսաստանում։  Նրա վարած ՄԻ-14 ուղղաթիռ-ամֆիբիան «վայրէջք» է կատարել ծովում։ Դա էլ բոլորը չէ։ 1980 թվականին Գուրգեն Կարապետյանն իր վարած ՄԻ-26 ուղղաթիռը, որը նրանում եղած բեռի հետ կշռում էր 50 տոննա, վայրէջք է կատարում անջատված շարժիչներով, այսինքն՝ ավտոռոտացիայի միջոցով։ Երևի Գուրգեն Կարապետյանը ադրենալինի նոր չափաքանակ էր ստանում, երբ կատարում էր այնպիսի թռիչքներ, որպիսիք նրանից առաջ ոչ ոք չէր կատարել։ Այդպիսի մի թռիչք նա գործել է ռազմական ՄԻ-28 ուղղաթիռով, երբ իրականացնում է «Նեստերովի օղակը» և բարձրագույն պիլոտաժի այլ ֆիգուրներ։

Խորհրդային բանակի ռազմատեխնիկական կատարելագործումը, բնական է, պահանջում էր նորանոր եզակի գործողություններ։ Այդ ծրագրի շրջանակներում Գուրգեն Կարապետյանը առաջինը Խորհրդային Միությունում, ՄԻ-28 ուղղաթիռից գիշերն արձակում է կառավարվող հակատանկային հրթիռներ և բավականին դիպուկ։ Աշխատանքի բերումով մեր հայրենակիցը թռիչքներ է գործել տարբեր կլիմայական պայմաններում, մասնավորապես,  Ծայրագույն Հյուսիսում ու Սիբիրում, Հեռավոր Արևելքում ու արտասահմանյան մի շարք քաղաքներում։

Երկու անգամ Գուրգեն Կարապետյանն աչքի է ընկել իր քաղաքացիական պարտքը կատարելիս։ Նախ, 1980 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարար, ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Ուստինովի հրամանով գործուղվում է Աֆղանստան, որտեղ  խորհրդային զորքերի սահմանափակ կոնտիգենտին անհրաժեշտ էին  հրահանգիչ- օդաչուներ, ովքեր լեռնային այդ երկրում կռվող խորհրդային օդաչուներին կսովորեցնեին  թռիչքներ գործել  բարձր լեռնային պայմաններում։

Գուրգեն Կարապետյանը օդաչուի իր բարձր հատկանիշները ցուցաբերեց 1986 թվականի մայիսին Չեռնոբիլում՝ ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքները ՄԻ-26 ուղղաթիռով վերացնելու ժամանակ։ Նրա հայրենանվեր ու նաև  միաժամանակ  հույժ վտանգավոր աշխատանքը բարձր գնահատվեց խորհրդային կառավարության կողմից։ Նրա բազմաթիվ պարգևներին ավելացավ ևս մեկը՝  Ժողովուրդների բարեկամության շքանշանը։

Գուրգեն Կարապետյանը ուղղաթիռներ է փորձարկել ոչ միայն իր հարազատ՝ Մ.Միլի անվան ուղղաթիռների գործարանում, այլև այլ ձեռնարկություններում։ Մասնավորապես, նա է անցկացրել Լեհաստանի Սվիդնիկ քաղաքի, Ռուսաստանի Արսենև ու Դոնի Ռոստով քաղաքների ուղղաթիռային գործարանների կողմից թողարկվող ՄԻ-2, ՄԻ-24Ա, ՄԻ-24Բ և ՄԻ-26 ուղղաթիռների սերիական արտադրությանը նախորդող փորձարկումները։

Գուրգեն Կարապետյանը հայրենական ավիացիոն տեխնիկան հաջողությամբ ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում,  մասնավորապես Ֆրանսիայում, Անգլիայում,Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, ֆինլանդիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Հարավսլավիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Կոլումբիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում տեղի ունեցած ավիացիոն տեխնիկայի ցուցահանդես-վաճառքներում։

Մեր հայրենակից օդաչուի անունը 1985 թվականից գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ դա զարմանալի չէ,քանի որ նրա սահմանած ռեկորդները իրոք որ եզակի երևույթ էին։ Միթե՞ զարմանալի չէ նրա այն  համաշխարհային ռեկորդը, որ նա սահմանել է 1978 թվականին։  ՄԻ-24Ա  ուղղաթիռի մոդիֆիկացված Ա-10 տարբերակով նա  զարգացրեց  ժամում 368,4 կիլոմետր արագություն։ Պակաս նշանակալի չէ նրա մյուս ռեկորդը, որը նա սահմանել է ՄԻ-26 ուղղաթիռով, երբ ունենալով 10 տոննա բեռ, ուղղաթիռը բարձրացել է մինչև 6400 մետր։

1987 թվականին Գուրգեն Կարապետյանին շնորհվում է ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչուի կոչում, իսկ չորս տարի անց, 1991 թվականի հունվարին, նրան շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Ընդամենը յոթ-ութ ամիս անց Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ։

Ամփոփելով Խորհրդային Միության հերոս  Գուրգեն Կարապետյանի մասին այս գողտրիկ ակնարկը, ուզում ենք նշել, որ նա թռել է Միլի անվան ֆիրմայի բոլոր տիպի ուղղաթիռներով , ինքնաթիռներով , պլաներներով ու դրանց տարբեր մոդիֆիկայցիաներով։ Թռել է 40 տարի, որից 33 տարի՝ 1961-1994 թվականներին, աշխատել է որպես  փորձարկող օդաչու։ Տարիքի բերումով  հրաժեշտ տալով սավառնելուն, Գուրգեն Ռուբենի Կարապետյանն աշխատել է հարազատ ձեռնարկությունում՝ Սիխայիլ Միլի անվան Մոսկվայի ուղղաթիռային գործարանում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պոշտոններ, այդ թվում նաև գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Լևոն Ազրոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]