Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունը դեկտեմբերի 7-ին համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ-ից մանրամասնելով, որ հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը:

Փաստաթղթի կնքման արարողությունը, որը տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և «Արատոս գրուպի»՝ ԵՄ հետ համատեղ ծրագրերի կառավարման պատասխանատու Մանոլիս Խրիսոստալիսը:

Շնորհավորելով ներկաներին հուշագրի կնքման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու երկրների միջև տարիներ շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ պետք է ավելի սերտացնել այդ  համագործակցությունը:  Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարևոր է Կառավարության կրթական քաղաքականության իրականացման տեսանկյունից:  

«Համալսարանը մեծ աշխատանքներ է իրականացնում այնպիսի նոր որակավորումներ և մասնագիտություններ ներդնելու ուղղությամբ, որոնք լավագույնս կնպաստեն աշխատաշուկայի պահանջների բավարարմանն ու Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում նմանօրինակ համագործակցություն կլինի նաև ՀՀ մյուս բուհերի հետ:

«Արատոս գրուպի» նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսն իր հերթին նշել է, որ ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի՝ գործակցությունը նաև կնպաստի համալսարանի կարողությունների զարգացմանը: Նա շեշտադրել է Հունաստանի հայկական համայնքի կարևոր դերը՝ Հայաստանի հետ համագործակցության և ՀՀ բուհերի՝ եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ «Արատոս գրուպի» գործընկերների մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն բուհի համար, որն ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: Նա վստահություն է հայտնել, որ ընկերության հետ  գործակցությունը բուհին ավելի մրցունակ կդարձնի ազգային և եվրոպական կրթական միջավայրում:

Նշվում է, որ «Արատոս գրուպ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ ծանոթացել են Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի և նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]