Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային ժողովը մերժեց ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը  

Ազգային ժողովը մերժեց ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման 
հիմնախնդիրների մասին» նախագիծը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը մերժել է «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը,  միակողմանի սահմանագծման  ու սահմանազատման  գործողությունները Հայաստանի  ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում  միջազգային  իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ  սպառնալիք են։

«Ակնհայտ է` իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն  հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում  լինի: Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի, իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Սեյրան Օհանյանի խոսքով` պայմանավորվածությունների մասին տեղեկանում ենք կատարված փաստերից հետո:

«Նորություն չէ, որ պարտությունից հետո հաղթած կողմը  պարտված  կողմի թե անձերի, թե իշխանության  վրա արտաքին ճնշումները սաստկացնում է: Սա է բերում անվստահության: Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք  բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն. սահմանազատման ու սահմանագծման  հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն  Արցախին»,-ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ նշեց, թե հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության  նախագիծն ու դրան տվել բացասական եզրակացություն:

Նա հայտարարեց, թե սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել:

«Հայաստանն ունի ինքնիշխան տարածք, և այն պետք է պաշտպանվի, այդ թվում` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման  օրակարգի հետ»,- ասաց Կարապետյանը:

Ներկայացված նախագծով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]