Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է 
համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել կազմակերպության դերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման գործում։

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով՝  ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունների մշակում, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, համագործակցություն՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և այլն»,– նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվում հաշմանդամության գնահատման համակարգի վերափոխման և անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև e-disability համակարգի ստեղծման և ներդնման ուղղությամբ:

Քրիստինե Վայգանդը նույնպես բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության հետ երկարատև համագործակցության դերը՝ առանձնակի շեշտելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը։ Վերջինիս խոսքով՝ համատեղ ուշադրության են արժանի ոլորտային չորս հիմնական ուղղություններ, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, սոցիալական պաշտպանություն, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. «Մենք պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Ցանկանում ենք նաև ավելի ներգրավված լինել առկա խնդիրների անմիջական արձագանքման գործընթացում՝ ի հայտ բերելով սահմանամերձ համայնքների կարիքները և նրանց առնչվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանքել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կառուցողական երկխոսությունը համագործակցության նոր ուղղություններ կստեղծի՝ նպաստելով ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանն ու նոր ռազմավարությամբ սահմանվելիք նպատակների և ծրագրերի իրականացմանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]