Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևան ջազ ֆեստ 2021» միջազգային փառատոնը կեզրափակվի հանրաճանաչ թմբկահար Բիլլի Քոբամի համերգով

«Երևան ջազ ֆեստ 2021» միջազգային փառատոնը կեզրափակվի հանրաճանաչ 
թմբկահար Բիլլի Քոբամի համերգով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երևան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին, կեզրափակվի ճանաչված թմբկահար Բիլլի Քոբամի և նրա խմբի համերգով։ Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ դեռ 2011 թվականին է ԱՄՆ-ում հանդիպել Բիլլի Քոբամին և մտածել՝ լավ կլինի, եթե արտիստը ելույթ ունենա նաև Երևանում:

Բիլլի Քոբամն էլ խոստովանեց, որ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը և շատ ուրախ է: Շրջելով Երևանում՝ դրական տպավորություններ է ստացել քաղաքից:

Անդրադառնալով ջազի երկրպագուներին՝ երաժիշտն ասաց, որ նրանք ամեն տեղ տարբեր են: «Ըստ իս՝ ջազի սիրահարները բարձր մտավոր ունակությունների տեր մարդիկ են. նրանց մոտ զարգացած է քննադատական միտքը, իսկ ջազը մտածելակերպ է: Ջազն ու ջազի սիրահարները նման են տաբեր լեզուների: Օրինակ՝ հայտնի ջազային  «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն  մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում մեկ այլ կերպ… Բազմազանություն կա: Ջազի սիրահարները ևս տարբեր են»,- ասաց նա:

Խոսելով ներկայիս ջազի մասին՝ երաժիշտը շեշտեց, որ ջազի երիտասարդ ներկայացուցիչները այլ կերպ են սկսել մտածել և երբեմն չեն անդրադառնում իրենց ակունքներին, չեն տեսնում, թե որտեղից են գալիս: «Հիմա ջազը շատ պոետիկ է դարձել նրանց կատարմամբ: Չեն փորձում ներկայացնել այն, ինչ ապրել, զգացել են որպես խումբ, այլ  մատուցում են այն, ինչը զգում են որպես անհատ, իսկ մեր սերունդն ավելի հավաքական մոտեցում ուներ: Հիմա խոսվում է անցողիկ բաների մասին, և մնայուն արժեքներն ասես այդ տիրույթից դուրս են մնում: Մենք դասական ջազ ենք նվագում ու հիմնվում խմբի վրա»,- շեշտեց Բիլլի Քոբամը:

Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 17-ին «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրն է եղել «Գրեմմիի» դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան: Փառատոնի շրջանակում Կինոյի տանը ցուցադրվել է «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի: Ջազ փառատոնը հասել է նաև Դիլիջան՝ Մալխաս ջազ բենդի և Վահագն Հայրապետյանի բենդի համատեղ համերգով: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի միջոցառումը, որը նվիրված է եղել Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Հնչել են Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]