Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը Լիբանանի ճգնաժամի վերաբերյալ

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ 
հայտարարությունը Լիբանանի ճգնաժամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ Լիբանանի ճգնաժամը հաղթահարելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը, Գանտահարյանն ընդգծեց՝ պարզ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջնորդում է՝ լուծելու համար Ռիադի եւ Բեյրութի միջեւ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը.

«Համատեղ հայտարարությունն այժմ խոսում է պահանջների մասին, հատկապես բարեկարգումներ, վարչակառավարման նոր դրություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Բացի բարեկարգման հարցերից, հատուկ կետով նշվել է միայն պետական զենքի առկայության հրամայականը։ Կարծում եմ սա է մեխը ամբողջ կոնֆլիկտին։ Ռիադը չի հանդուրժի Հեզբոլլահի ներգրավումը երկրի պետական կյանքին։ Իհարկե, կան նաեւ կետեր՝ անվտանգության, ապօրինի առեւտրի եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,- նշում է Գանտահարյանը։ 

Նրա խոսքով՝ հիմնական առաջադրանքը իրանամետ կազմակերպության զինաթափումն ու հեռացումն է պետական դաշտից։ «Հետևաբար, չեմ կարծում, որ այս հայտարարությամբ խնդիրները կհանգուցալուծվեն․ սա միայն փոքր պատուհան կբացի եւ կարտոնի՝ կառավարության շրջանցելով Լիբանանի աղքատ խավին օժանդակություններ տրամադրել։ Կարծում եմ, կառավարությանը շրջանցելով ժողովրդին աջակցելու տարբեր պետությունների այս վարքագիծը կշարունակվի մինչև խորհրդարանական ընտրություններ, որոնք նախատեսված են մարտին»,- նշեց Գանտահարյանը։ 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]