Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14-ի դրությամբ կազմել է 20,75 տոկոս

ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14-ի դրությամբ կազմել է 20,75 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ, էլեկտրոնային տարբերակով ստացված նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից 230 հազար 814-ը կամ 20,75 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։

Վանաձորում ընտրություններին մասնակցել է 92 հազար 182 ընտրողներից 16 հազար 448-ը (17,84 տոկոս)։ Այս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը: Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:

Նոյեմբերյան համայնքում ընտրություններին մասնակցել է 24 հազար 133 ընտրողներից 7 հազար 338-ը (30,41 տոկոս)։ Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը։

Արթիկում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 36 հազար 865 ընտրողներից 9 հազար 585-ը (26 տոկոս)։ Այստեղ իշխանություն ձեւավորելու համար պայքարող «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը: Արթիկի ՏԻՄ ընտրություններում հայտ ներկայացրած «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» եւս մասնակցում է ընտրություններին, ցուցակն Արթիկում գլխավորում է Հակոբ Մաթիլյանը:

Մասիս խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է 62 հազար 950 ընտրողներից 14 հազար 563-ը (23,13 տոկոս)։ Այս համայնքում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է:

Ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]