Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Շեքսպիրյան պոեզիան՝ Երնջակյանի մեկնաբանությամբ. Կամերային թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Համլետ» ներկայացումը 

Շեքսպիրյան պոեզիան՝ Երնջակյանի մեկնաբանությամբ. Կամերային թատրոնը 
հանդիսատեսի դատին հանձնեց «Համլետ» ներկայացումը 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի կամերային պետական թատրոնի խաղացանկը համալրվեց մեծանուն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի նշանավոր «Համլետ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Թատրոնի դերասանները հանրահայտ ողբերգությունը մատուցեցին յուրահատուկ գույներով, Կամերային թատրոնին հարիր ոճով ու երնջակյանական մեկնաբանությամբ:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել առաջնախաղին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին, զրուցել ռեժիսորի, դերակատարների հետ և արձանագրել, որ թատերասերները բուռն ծափողջույններով, «բրավո» վանկարկումներով են ընդունել պիեսի ժամանակակից, մի քիչ էլ անսպասելի լուծումներով մատուցումը:

Բեմադրող ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը հիշեցնում է, որ «Համլետ»-ը գրվել է մոտ 400 տարի առաջ, և, եթե Շեքսպիրն այսօր այն բեմադրեր, հաստատ շատ բաներ այլ կերպ կտեսներ: «Մեր թատրոնը մի փոքր անհանգիստ է, երևի մի քիչ էլ աննորմալ, և բեմադրել Շեքսպիր այնպես, ինչպես գրված է, հավանաբար հետաքրքիր չէր լինի ո՛չ մեզ, ո՛չ հանդիսատեսին, ուստի եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ թատերասերը կհասկանա և կընդունի այս մոտեցմամբ գործը»,- նշում է Երնջակյանն ու հավելում, որ «Համլետ»-ը փառատոնային ներկայացում է: Արդեն իսկ միջազգային հարթակներում հանդես գալու հրավերներ կան: Հույս ունի՝ այն հաջողության կհասնի երկրից դուրս, քանի որ այն իմպրովիզները, որոնք արվել են, կարող են հետաքրքիր լինել նաև արտերկրում:

Արա Երնջակյանը Համլետի դերը վստահել է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանին, որը, ըստ Երնջակյանի, արդարացրեց իրեն: «Սա մեր թատրոնում Ավետի առաջին դերն է: Խենթ, անսովոր կերպար էր պետք ստեղծել, և Ավետը կարողացավ դա անել: Ես գոհ եմ նրանից»,- նշում է ռեժիսորը:

Համլետի կերպարը կերտելու առաջարկը ստանալուց հետո Ավետ Զոհրաբյանի սրտխփոցը չի դադարել:  Դերասանը նոր է ավարտել Թատերական ինստիտուտը և շատ է սպասել իր դեբյուտին, որի սկիզբը դարձավ Կամերային թատրոնը: Ավետը խորին շնորհակալություն է հայտնում թատրոնի ռեժիսորներ Լուսինե Երնջակյանին և Արշալույս Հարությունյանին, որ իրեն ծանոթացրել են Արա Երնջակյանի հետ, որի հետ նախկինում առնչություն չի ունեցել: Անկեղծանում է՝ իր համար կրկնակի պատասխանատվություն էր աշխատել Երնջակյանի հետ և խաղալ «Համլետ» մի թատերախմբում, որը մշտապես հաջողություններ է գրանցել, իսկ դերասանները փայլել են, ուստի գալ և նոր բան ասելը շատ դժվար է եղել, իսկ լարվածությունը՝ մեծ:

Հարցին, թե ո՛վ է իր համար Համլետը, Ավետը պատասխանում է. «Համլետն իրականում անընդհատ որոնումների մեջ գտնվող կերպար է, որը չի հասկանում, թե ինչ է ուզում, թե ուր են տանում իրեն իր քայլերը: Չէի ասի, որ կշռադատված չէ, բայց փաստ է, որ նրա գործողությունները հանգեցնում են ողբերգության, և կործանվում է մի ամբողջ թագավորություն: Նա սովորական կերպար չէ… Մինչ այս պահը ես էլ  որպես դերասան փնտրտուքի մեջ եմ ու ուզում եմ հասկանալ, թե ով է Համլետը, որը միշտ կա ու միշտ արդիական կլինի»,- ասում է նա:

Ավետ Զոհրաբյանը իրենից ինչ-որ բան դրել է Համլետի կերպարում: Վստահ է՝ չի ստեղծվի այնպիսի կերպար, որին մարմնավորելիս դերասանն իրենից ոչինչ չներդնեի: «Ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես կառուցիր, միևնույն է՝ քեզանից ինչ-որ բան մնում է՝ հայացք, միմիկա, իսկ կերպարը դառնում է քոնը: Այս ներկայացման մեջ կա դրայվ, ակտիվություն, նյարդ, էներգիա, շատ գործողություններ: Ըստ իս՝ հաջողված է»,-եզրափակում է երիտասարդ դերասանը:

Ներկայացումն իր գեղեցկությամբ, վառ խաղով զարդարում է Լուիզա Ներսիսյանը, որը Համլետի մոր՝ Գերտրուդի դերակատարն է: Ըստ նրա՝ ներկայացումը հետաքրքիր լուծումներով է մատուցվել: «Արա Երնջակյանի հենց այդ ձեռագիրն եմ սիրում, որ ոչ մի բառ պատահական չէ: Բեմադրությունն ունի երաժշտականություն. դա և՛ գործողություններին է վերաբերում, և՛ խոսքին, և՛, բնականաբար, տեսարանը կառուցելուն: Յուրաքանչյուր տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան, որը երաժշտության շարունակությունն է: Եթե չես պահում երաժշտականությունը, ներկայացումը կարող է փլվել: Դրանով այն դժվար աշխատանք է, սակայն, եթե  զգում ես երաժշտությունը, ճիշտ տեղ ես ընկնում ու ռեժիսորի հեքիաթի հետևից գնում, իսկ ներկայացումն ամբողջական է դառնում»,-ասում է Ներսիսյանը:

Դերասանուհին կարևորում է ձեռքը զարկերակին պահելն ու հավաստիացնում, որ յուրաքանչյուր գործի պետք է ճիշտ անդրադարձ կատարել: Նրա խոսքով՝ Շեքսպիրին հաճախ բեմադրում են, որովհետև նա դասական է, այնինչ անգլիացի դրամատուրգը բազմաշերտ է, և ամեն պիեսի մեկնաբանություն պետք է քո սեփականը լինի: «Հաջողում են այն ռեժիսորները, որոնք իրենց պատմությունն են պատմում  շեքսպիրյան լեզվով ու կարողանում են ճիշտ ժամանակին, ճիշտ մատուցել այն: Յուրաքանչյուր բառ կարելի է այնպես արտաբերել, որ այն տարբեր մեկնաբանություններ ստանա. հնչողության շնորհիվ միտքն ու իմաստը փոխվում են: Շեքսպիրյան լեզուն թողնելով՝ կարող ես ասել այն, ինչն այսօր հետաքրքիր է հանդիսատեսին, ինչի կարիքն ունի թատերասերը, իսկ Կամերային թատրոնը հետաքրքիր է միշտ, որովհետև երբեք ժամանակավրեպ չէ»,-շեշտում է Ներսիսյանը:

Խոսելով Համլետի դերակատարի՝ Ավետ Զոհրաբյանի մասին՝ դերասանուհին ասում է՝ ուրախ է, որը նման դերասան է միացել իրենց թիմին: Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ նոր սերունդն  ունի հետաքրքիր աշխատաոճ, և նրանցից կարելի է նաև սովորել: «Փորձի փոխանակումը երբեք չի խանգարում, և մեր թատրոնում առողջ են հասուն ու նոր սերնդի փոխհարաբերությունները: Բոլորը հավասար են, ու նոր դերասանները նոր շունչ են բերում: Եթե կարողանում ես թարմ օդն ընդունել, միայն շահում ես»,-շեշտում է դերասանուհին:

Ներկայացման երկրորդ ռեժիսորը Սենիկ Բարսեղյանն է, կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է:

Բեմադրության մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը, Ավետ Զոհրաբյանը, Վահե Զիրոյանը, Լուիզա Ներսիսյանը, Ներսես Մարկոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Ժորա Մարտիրոսյանը, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը:

Դասական ողբերգությունը թատրոնը ներկայացնում է իր ուրույն ոճին համապատասխան: Շեքսպիրի հանճարեղ ստեղծագործությունն անցել է դարերի փորձություն և չի կորցրել իր արդիականությունը, քանի որ շոշափվում ու նկարագրվում են այնպիսի երևույթներ, որոնք կուղեկցեն մարդուն մինչև պատմության մայրամուտ: Խոսքը մարդու էության, մարդկային գիշատիչ հատկությունների, տեսակը տեսակին ոչնչացնելու, բնության ու մարդկային օրենքների հետ կռիվ տալու, ուժեղի ու թույլի հավերժ պայքարի, հայրեր և որդիներ բախումների, ինչպես նաև մարդասիրության մասին է...

 Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]