Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ ռազմագերիների, պատանդների և 
այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]