1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ փորձագետները դրական եզրակացություն են տվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման փաստաթղթային հիմնավորմանը

ԵՄ փորձագետները դրական եզրակացություն են տվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի 
շահագործման երկարաձգման փաստաթղթային հիմնավորմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի փորձագետների եզրակացությունը և նրանց տված գնահատականները Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ հավաստում են, որ Հայաստանը ատոմային էներգիայի շահագործման և միջուկային անվտանգության ապահովման առումով ճիշտ ուղու վրա է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը՝ ներկայացնելով Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի դիտարկման ARRA08 ծրագրի արդյունքները։

Գրիգորյանի խոսքով՝ եվրոպական փորձագետների տված գնահատականների համաձայն էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման թույլտվությունը հիմնավորված է:

«Նրանց եզրակացությունները հավաստում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, հավաստում են, որ անվտանգությունը գերակա խնդիր է մեզ համար և անվտանգության վրա ուշադրություն դարձրել ենք, մեր որոշումները համարժեք են եվրոպական փորձագետների որոշումներին, և մեր կողմից տրված թույլտվությունը հիմնավորված է: Այս փուլում արված աշխատանքները, հատկապես ռեակտորի իրանի թրծումը և դրանից հետո անվտանգության գնահատումը ցույց տվեցին, որ ռեակտորի իրանը ունի բավարար ռեսուրսներ մինչև 2039 թվականը աշխատելու համար: Եթե այլ կոմպոնենտների մասով նույնպես հիմնավորվի դրանց ռեսուրսը, ապա կարող ենք մտածել 2026 թվականից հետո շահագործման մասին: Եվ կայանը արդեն քայլեր է ձեռնարկում նոր՝ 2026 թվականից հետո շահագործելու հիմնավորման համար: Արդեն թողարկումից հետո սկսել են նոր ծրագրեր մշակել, նոր ֆինանսավորումներ հայթայթել», - տեղեկացրեց Վահե Գրիգորյանը:

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարացվել է մինչև 2026 թվականը:

Կարգավորող մարմնի փոխնախագահի խոսքով՝ դրա լիցենզիան տրամադրվել է 2021 թվականին: Եվ քանի որ այդ աշխատանքներն իրենցից ներկայացնում են անվտանգության բազմաթիվ միջոցառումներ և փաստաթղթային բազմաթիվ հիմնավորումներ, - խոսքը հազարից ավելի փաստաթղթերի մասին է, որոնց դիտարկման համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ժամանակ և ֆինանսներ, - այդ իսկ պատճառով 2015-16 թթ., երբ արդեն քննարկվում էր 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման հարցը, հայկական կարգավորող մարմինը խնդրել է Եվրոպական հանձնաժողովին տրամադրել եվրոպական փորձագետներ, որպեսզի աջակցեն հայկական կողմին փաստաթղթերի դիտարկման, որոշումների կայացման պրոցեսում: Նպատակն էր համոզվել, որ ճիշտ որոշումներ են կայացվում և ճիշտ եզրակացություններ են արվում փաստաթղթերի վերաբերյալ: 2016 թվականին եվրոպական կողմի հետ ստորագրվել է համաձայնագիր, որով տրամադրվել է աջակցություն:

«Ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր երեք տարվա համար, բայց հետագայում այն երկարաձգվել է ևս երկու տարով, և այսօր ավարտում ենք այդ միջոցառումը», - հավելեց Վահե Գրիգորյանը:

«ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ու «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կարողությունների զարգացումը՝ Մեծամոր ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի դիտարկման ուղղությամբ» ARRA08 ծրագրին մասնակցել են եվրոպական տարբեր երկրների կարգավորող մարմիններ կամ դրանց կից տեխնիկական աջակցություն ցուցաբերող կազմակերպություններ, որոնք իրենց երկրներում դիտարկել են նմանատիպ փաստաթղթեր, մասնակցել են էներգաբլոկների շահագործման երկարացման աշխատանքների և ունեն մեծ փորձ այդ ոլորտում: Նրանց թվում է ֆրանսիական IRSN-ը՝ Ռադիացիոն պաշտպանության և միջուկային անվտանգության ինստիտուտը: Ծրագրի ղեկավարը IRSN-ի ներկայացուցիչ Վասիլի Բորզովն էր, որը վարում էր միջոցառումը: Ծրագրի շրջանակներում աշխատել է 40 մասնագետից և 72 օգնականից բաղկացած մեծ խումբ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ուկրաինայից և Չեխիայից:

 

Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]