Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ԱՆԻՖ-ը Հայաստան է բերում նոր խոշոր գործընկերների

ԱՆԻՖ-ը Հայաստան է բերում նոր խոշոր գործընկերների

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը:

Դավիթ Փափազյանի խոսքով` յուրաքանչյուր խոշոր ներդրումային ծրագիր ենթադրում է ամիսների, երբեմն տարիների աշխատանք, մինչ դա տեսանելի կլինի հանրությանը։ 2021թ. հուլիսին հայտարարվեց այդպիսի ծրագրերից մեկի՝ «Էյր Արաբիա»-ի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին, որն անվանվել է «Fly Arna» («Ֆլայ Արնա»): «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներից կսկսի կանոնավոր չվերթներ՝ նախնական չորս ուղղություններով:

Խոշոր նախագծերից մեկն էլ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի ծրագրի իրականացման համար 174 միլիոն դոլարի ներդրումն է։

«Հաղթողը միջազգային համբավ ունեցող «Մասդար» ընկերությունն է Աբու Դաբիից, որը վերականգնվող էներգետիկայի գծով մի քանի առաջատար ընկերություններից է աշխարհում։ Մեր մասնակցությունը այստեղ 15% է։ Ծրագիրը կարեւոր է ամեն առումով՝ թե նման խոշոր ներդրող ու միջազգային ճանաչված ընկերություն Հայաստան բերելու, թե Հայաստանը որպես նման գործընկեր ունեցող ներդրումային ուղղության ներկայացնելու առումով։ Բացի այդ, հատկապես կարեւոր է, որ այս ծրագրով Հայաստանը մեծ քայլ է անում ժամանակակից աշխարհում ահռելի կարեւորություն ձեռք բերող ոլորտում՝ վերականգնվող էներգետիկայում նման մասշտաբային ծրագիր անելու ուղղությամբ: Նշեմ, որ կայանները էլեկտրաէներգիա կսկսեն վաճառել մոտավորապես 2024 թվականի վերջերին»,- ասաց Փափազյանը:

Փափազյանը նշեց, որ այս պահին քննարկվում է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում շարունակական ծրագրերի հնարավորությունը։ ԱՆԻՖ-ը նաև այլ ծրագրերում պոտենցիալ ներդրողների հետ քննարկումների մեջ է, և դրանք հենց այն գործընթացներն են, որոնց արդյունքների մասին հանրությունը կիմանա դրանց նյութականացումից հետո։

«Անցնելով մեր երկրորդ մանդատին՝ կապիտալի ներդրմանը, նշեմ, որ մեկ տարվա ընթացքում ԱՆԻՖ-ի թիմը հետազոտել է 200-ից ավելի հայտ «Ձեռնարկատեր+պետություն. հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի շրջանակներում, որոնցից յոթը հաստատվել են, մեկը հաստատվելուց հետո չեղարկվել է: Այս պահին մյուսներն էլ ինչ-որ ընթացքի մեջ են: Կան դեպքեր էլ, որ մեզ են մերժել, քանի որ մենք աշխատում ենք գործընկերության մոդելով: Շատ կարևոր է իմանալ, որ մենք հնարավոր գործընկեր ենք, այլ ոչ թե պարտադրված»,- ասաց Փափազյանը

ԱՆԻՖ-ի բոլոր ծրագրերն ուղղված են շահագրգիռ կողմերին օգուտ տալուն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությանը՝ համապատասխան չափանիշների պահպանմամբ։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]