Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Դրամաշնորհային աջակցություն «Մարդկային անվտանգության ծրագրերի» համար. Մխիթար Ավետիսյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պայմանագիր ստորագրեցին

Դրամաշնորհային աջակցություն «Մարդկային անվտանգության ծրագրերի» համար. 
Մխիթար Ավետիսյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պայմանագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահ պարոն Մխիթար Ավետիսյանի միջև:

«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց պարոն Ֆուկուշիմայի և «Հայաստանում Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ տիկին Արևիկ Հովսեփյանի միջև: Արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Խաչատուր Մկրտչյանը, «Ջինջ» ՍՊԸ (դիզայներական կազմակերպություն) տնօրեն պարոն Էդուարդ Մեսրոպյանը։

«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» նպատակն է Արմավիրի մարզում և շրջակա գյուղերում բարելավել կոշտ թափոնների կառավարման համակարգը՝ տեղադրելով աղբի տեսակավորման 220 աղբամաններ Արմավիր քաղաքում/գյուղերում և վերամշակելով հավաքված թափոնները: Հավաքված թափոնները կվերամշակվեն և կվերածվեն օգտակար գրենական պիտույքների, որոնց մի մասը անվճար կտրամադրվի առաջին դասարանցիներին։ Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 35000 շահառու:

 «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» նպատակն է բարձրացնել առողջապահության մակարդակը, սանիտարահիգիենիկ կանոնների և վերամշակված ջրի օգտագործման ուսուցումը Մեծ Պարնիի դպրոցականների շրջանում: Ծրագիրը նախատեսում է Մեծ Պարնիի դպրոցում երեք զուգարանների ամբողջական վերականգնում և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում` մաքրված կեղտաջրերն օգտագործելով այգիների ոռոգման համար: Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]