Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է հիմնադրման 50-ամյակը

Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է հիմնադրման 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը արաբական յոթ էմիրությունների միավորման հոբելյանական 50-րդ տարեդարձի առիթով կազմակերպել էր առցանց միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես եկան Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ-Սալամին և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Էմիրությունների դեսպանության գործերի հավատարմատարը իր խոսքում ներկայացրեց արաբական յոթ էմիրությունների միավորման պատմությունը, անցած 50 տարվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռքբերումներն ու նվաճումները և հաջորդ 50 տարվա ծրագրերն ու երկրի զարգացման տեսլականը:

Ահլամ ալ-Սալամի խոսքով՝ այդ նվաճումների հիմքը դրել է պետության հիմնադիրը՝ լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան ալ-Նահյանը իր եղբայրների՝ պետության համահիմնադիրների հետ միասին: Նրա ճանապարհին է հետևել իր որդին՝ ԱՄԷ գործող նախագահը՝ շեյխ Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյանը։

«1971 թ. դեկտեմբերի 2-ին հիմնադրումից ի վեր ԱՄԷ-ն հետևում է տարածաշրջանի և աշխարհի տարբեր մասերում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման ամրապնդման սկզբունքներին, որի հիման վրա էլ կառուցվել է ԱՄԷ արտաքին քաղաքականության հիմնական տեսլականը։ Այս սկզբունքի հիմքերը դրել է լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան ալ-Նահյանը, և այդ նույն սկզբունքին շարունակում է հետևել ԱՄԷ նախագահ Նորին Վսեմություն շեյխ Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյանի գլխավորած իմաստուն կառավարությունը, որը մեծ ներդրումների միջոցով հաստատում, խորացնում և զարգացնում է այս տեսլականը տնտեսական, քաղաքական և մարդասիրական բնագավառներում», - նշեց ԱՄԷ գործերի հավատարմատարը Հայաստանում:

Ահլամ ալ-Սալամի խոսքով՝ իրենց երիտասարդ պետությունը, որի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ շեյխ Զայեդի հիմնած ռազմավարության, արաբական և իսլամական շահերի հաղթանակին և աշխարհի բոլոր պետությունների ու ժողովուրդների հետ բարեկամական կապերի հաստատման հասնելու նպատակն է, մեծ հաջողություններ է գրանցել արտաքին մակարդակում՝ արժանապատիվ դիրք զբաղեցնելով ինչպես արաբական աշխարհում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իր որդեգրած սկզբունքների։

Դիվանագետի խոսքով՝ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 2-ին էմիրաթցիները տոնում են իրենց Ազգային օրը և հպարտանում իրենց հայրենիքի արձանագրած մեծ ձեռքբերումներով, որոնց թվում կարելի է նշել, օրինակ, այն, որ Էմիրությունները 2021 թ. հունիսին ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Անվտանգության խորհրդի անդամ կամ այն, որ ԱՄԷ-ն փափուկ ուժի ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը տարածաշրջանում և 18-րդը՝ աշխարհում։ Հիշատակման է արժանի նաև էմիրաթցի կնոջ դերը տարբեր ոլորտներում՝որպես ձեռքբերումների և զարգացման ճանապարհի մասնակից:

Ահլամ ալ-Սալամին նաև ընդգծեց Էմիրությունների և Հայաստանի միջև առանձնահատուկ, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները, որոնք զարգացման և ամրապնդման շատ լավ դինամիկա են ցույց տալիս: Մասնավորապես, այս տարի Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը արևային էներգիայի 200 մգ հզորությամբ կայանի կառուցման վերաբերյալ հուշագիր է ստորագրել էմիրաթական «Մասդար» ընկերության հետ և հայկական ազգային ավիափոխադրողի ստեղծման հուշագիր է կնքել էմիրաթական «Էյր Արաբիայի» հետ: Բացի այդ, Հայաստանը հաջող կերպով մասնակցում է հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Էքսպո Դուբայ 2020» համաշխարհային ցուցահանդեսին:

Իսկ հումանիտար ոլորտում ԱՄԷ դեսպանությունը շարունակում է էմիրաթական բարեգործական ընկերությունների հովանավորությամբ օգնություն տրամադրել կարիքավորներին՝ համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, շնորհավորելով ԱՄԷ կառավարությանը և ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ, ևս բարձր գնահատեց Հայաստան-ԱՄԷ առանձնահատուկ և բարեկամական կապերը:

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները: Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փոխգործակցության խորացումը միշտ էլ եղել մեր օրակարգի կարևոր մասը, և մենք պատրաստակամ ենք ընդլայնելու մեր ջերմ և բարեկամական կապերը: Խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին և անձամբ գործերի հավատարմատարին, որի ջանքերի շնորհիվ Հայաստանում մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄԷ դեսպանությանը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գերազանց համագործակցության համար», - ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]